HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին պաշտոնյաների հարազատներին պատկանող ընկերությունը դատարանում հաղթել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին

Կասեցվել է նախկին պաշտոնյաների հարազատներին պատկանող հէկի հիդրոտուբինի շահագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Եղեգհէկ» ՍՊԸ-ին պատկանող «Եղեգ» փոքր հէկում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ ընկերությունը կատարել է թիվ 1 հիդրոտուրբինի և գեներատորի վերազինում, սակայն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության հայտը չի ներկայացրել լիազոր մարմին։

Հուլիսի 15-ին Տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի պետի որոշմամբ, կասեցվել է «Եղեգ» փոքր հէկի կողմից՝ առանց ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացության հիդրոտուրբինի և գեներատորի շահագործումը։

Այս հէկը գտնվում է Եղեգիս գետի վրա, Շատին գյուղի վարչական տարածքում: Դրվածքային հզորությունը 1900 կՎտ է: Շահագործման լիցենզիա ստացել է 2014 թվականին:

Կարայան եղբայրների մայրն ու մորեղբայրը՝ հէկի բաժնետեր

«Եղեգհէկ» ՍՊԸ-ին պատկանող «Եղեգ» փոքր հէկ-ում բաժնետեր են նախկին և ներկա իշխանությունների օրոք պաշտոններ զբաղեցրած եղբայրներ Խաժակ և Սուրեն Կարայանների հարազատները` մայրը և մորեղբայրը: Նրանք միասին տիրապետում են ընկերության բաժնետոմսերի 60 տոկոսին:

Հիշեցնենք, որ Խաժակ Կարայանը Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալն էր մինչև 2016թ.-ը, իսկ դրանից հետո զբաղեցրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տնօրենի պաշտոնը։ Այժմ այլևս նա այդ պաշտոնին չէ։

Սուրեն Կարայանը ֆինանսների նախկին փոխնախարար, այնուհետև միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալն էր, 2016թ.-2018թթ. եղել է էկոնոմիկայի նախարար (տնտեսական զարգացման և ներդրումների նախարար): Այժմ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենն է: Կարայան եղբայրներն ու մայրը հաշվառված են նույն հասցեում:

Համաձայն Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների` «Եղեգհէկ» ՍՊԸ-ում Կարայանների մայրը` Սոֆիկ Նապոլեոնի Վարդանյանը, 21 % բաժնեմաս ունի, մորեղբայրը` Հրաչիկ Նապոլեոնի Վարդանյանը` 39 %:

30 % բաժնեմասն էլ Ռոբերտ Օխանյանինն է, որը մեր ընթերցողներին հայտնի է դեռևս Թռչկանի ջրվեժի վրա հէկ կառուցելու պատմությունից:

Եվս 9 %-ի բաժնետերն էլ շատինցի Արմեն Առաքելյանն է: Վերջինս 2017-ին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից առաջադրվել էր պատգամավորի թեկնածու։ 

Արձանագրված խախտումներ նույն հէկում՝ երկու տարի առաջ

Հիշեցնենք՝ 2020թ․ հուլիսին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցները նույն հէկում իրականացված ստուգման արդյունքում կրկին խախտումներ էին հայտնաբերել:

Այդ ժամանակ Տեսչական մարմինը հայտարարեց, որ ընկերությունն իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրաքանակից ավել ջրառ՝ խախտելով Ջրային օրենսգրքի 37-րդ հոդվածի պահանջը։ Հաշվարկվել էր 3,8 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Հարուցվել էր վարչական վարույթ։

Սակայն գործը դրանով չէր ավարտվել, որովհետև «Եղեգհէկ» ՍՊԸ-ն դիմել էր Վարչական դատարան ընդդեմ Տեսչական մարմնի` ստուգում իրականացնելու ակտը և, որպես հետևանք, Տեսչական մարմնի որոշումը վերացնելու պահանջով։

Ընկերությունն ընդդեմ Տեսչական մարմնի

Վարչական դատարանը, նախագահությամբ Կարեն Զարինյանի, 2021թ․ մարտին որոշում է կայացրել արագացված դատաքննություն կիրառել և հայցը բավարարել։ Դատարանն արձանագրել է, որ ընկերության տնօրենին առաջադրված 3,8 մլն դրամի չափով պետության հասցված վնասի հատուցման պահանջն իրավաչափ չէ, քանի որ այն նորմերը, որոնց խախտումներ են արձանագրվել, վերաբերում են «Եղեգհէկ» ՍՊԸ-ի՝ որպես իրավաբանական անձի, գործառույթներին ու գործողություններին, ստուգման ընթացքում «Եղեգհէկ» ՍՊԸ-ն է հանդես եկել ստուգվող սուբյեկտի կարգավիճակով, այլ ոչ թե նրա տնօրենը: «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի դ) կետի իմաստով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմամբ իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցրած վնասի փոխհատուցման պահանջ կարող է ներկայացնել ստուգվող սուբյեկտին:

 «Նման պայմաններում, առանց դատավարական լրացուցիչ գործողությունների, ինքնին պարզ է, որ վիճարկվող որոշումն ընդունվել է թերի վարչարարության արդյունքում՝ առանց գործի հանգամանքները համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելու, որի հետևանքով չի հաստատվել հայցվորի մեղքը արձանագրված արարքում: Հետևաբար վիճարկվող որոշմամբ սխալ է կիրառվել «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի դ) կետը: Ընդ որում, այս հետևությունը հնարավոր է անել մինչ այս պահը ձեռք բերված տվյալների և դրանց վերաբերյալ ներկայացված դիրքորոշումների հիման վրա՝ առանց դատավարական լրացուցիչ գործողություններ իրականացնելու»,- արձանագրել է դատարանը:

Արդյունքում դատարանը եզրակացրել է, որ հայցը ենթակա է բավարարման՝ արագացված դատաքննության կարգով: Գործի քննությունն այնուհետև վերսկսվել է, քանի որ առաջացել է հայցվոր կողմի դիմումով ներկայացված իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված ծախսերի հարցը բանավոր ընթացակարգով քննելու անհրաժեշտություն։

«Եղեգհէկ» ՍՊԸ-ի ներկայացրած փաստարկները հիմնականում այն մասին են եղել, որ ընկերությունը չի խախտել ջրօգտագործման թույլտվության համապատասխան ենթակետը, և վիճարկվող որոշման հիմքում ընկած են սխալ հաշվարկներ:

Տեսչական մարմինը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել դատարան:

Այդպիսով, 2021թ․ մայիսի 18-ին վճռել է բավարարել ընկերության հայցը՝ անվավեր ճանաչել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի պետի 03.07.2020 թվականի որոշումը։

Դատարանը ողջամիտ ծախս է համարել  80.000 դրամը, որը որպես դատական ծախս պետք է փոխհատուցի Տեսչական մարմինը, չնայած ընկերությունը փաստաբանի հետ կնքած պայմանագիր էր ներկայացրել 300 հազար դրամի չափով։ Տեսչական մարմինը պետք է փոխհատուցի նաև 4000 դրամ պետական տուրքը, որը հայցադիմումը ներկայացնելիս վճարել է հայցվորը։

ԲԸՏՄ-ն բողոքարկել է այս ակտը Վերաքննիչ վարչական դատարանում։ Այս տարվա հունիսի 14-ին Վերաքննիչ դատարանը բողոքն ամբողջությամբ անհիմն է գնահատել և մերժել: Այստեղ էլ Տեսչական մարմնին պարտավորեցրել է ևս 50 հազար դրամ վճարել ընկերության տնօրենին՝ որպես Վերաքննիչ դատարանում տնօրենի կատարած փաստաբանական ծառայությունների վճար։ Այդպիսով, Տեսչական մարմինը 134 հազար դրամի վնաս կրեց դատական այս հայցի լուծման համար։

«Դատալեքս» տեղեկատվական համակարգում առայժմ տեղեկություն չկա Տեսչական մարմնի կողմից Վճռաբեկ ատյան դիմելու վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter