
Ծիրանի փառատոն՝ Մեծամորում
Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի շենքի դիմաց այսօր ծիրանի փառատոն էր: Խոշորացված համայնքում նման միջոցառում առաջին անգամ էր տեղի ունենում: 30 գյուղական բնակավայր ծիրանի բերքն ու ծիրանից պատրաստված մթերքները ներկայացնում էին 15 տաղավարներում:
Թեև գյուղացիներն այս տարի դժգոհ էին ծիրանի բերքից, քանի որ գարնան ցրտահարությունը վնասներ էր պատճառել, այնուամենայնիվ ներկայացել էին փառատոնին:
Տաղավարային հյուրասիրությունից բացի, համայնքի մեջ ներառված տարբեր բնակավայրերում գործող երգի, պարի խմբակները զուգահեռ ելույթներ էին ունենում:
Միջոցառմանը մասնակցում էր նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, մարզպետի տեղակալը ու մարզի համայնքապետեր:
«Բոլորդ ծիրանի օղի՞ եք հյուրասիրում»,- տաղավարներին մոտենալով՝ կատակեց մարզպետը՝ չհրաժարվելով հյուրասիրությունից:
Տեղում հայտարարեցին, որ նմանատիպ միջոցառումները պարբերաբար կրկնվելու են, ինչը համայնքի բնակիչներին համախմբելու, առողջ մրցակցություն սերմանելու խորհուրդ ունի:
Մեկնաբանել