HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թեհրանում ավարտվել է Պուտին-Էրդողան-Ռայիսի գագաթնաժողովը. ինչ են քննարկել կողմերը

Թեհրանում նախօրեին կայացել է սիրիական հարցով Աստանայի ձևաչափի անդամ երկրների՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի առաջնորդների գագաթնաժողով։ Այն ընթանում էր Ուկրաինա՝ Ռուսաստանի ներխուժման ֆոնին, ինչը քննարկումների լայն առիթ է հանդիսացել ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև Արևմուտքում։ Չնայած գագաթնաժողովի թեման Սիրիան էր և նրա շուրջ ընթացող վերջին զարգացումները, այդ թվում՝ թուրքական հնարավոր ներխուժումն այդ երկրի տարածք, այդուհանդերձ Հայաստանն ու ղարաբաղյան հիմնահարցը եղել են երկկողմ հանդիպումների քննարկման թեմա։

Նախ իրանական լրատվամիջոցները հաղորդագրություն տարածեցին այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը դեմ կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը:

«Եթե լինի Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականություն, Իսլմական հանրապետությունը դեմ կլինի դրան, որովհետև այդ սահմանը համարվում է հաղորդակցման երթուղի, որը հազարավոր տարիներ եղել է»,- ասել է Խամենեին։

Ղարաբաղյան հիմնահարցը քննարկման թեմա է եղել նաև Էրդողան-Պուտին հանդիպման ժամանակ։ Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպման հրապարակային մասում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկու երկրների ուշադրության կենտրոնում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը։

«Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում է մեկ այլ կարևոր հարց՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը։ Վերջերս Կասպյան գագաթնաժողովի շրջանակներում հանդիպեցի Ադրբեջանի նախագահի հետ։ Մեծ ողջյուններ ձեզ նրանից»,- Էրդողանին դիմելով՝ հանդիպման սկզբում հայտարարեց Պուտինը։ 

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո սա Վլադիմիր Պուտինի երկրորդ արտասահմանյան այցն է։ Հունիսին նա այցելել էր Թուրքմենստան և Տաջիկստան։ Սպիտան տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին, մեկնաբանելով Իրան Պուտինի այցը, հայտարարել է, որ այն ցույց է տալիս, թե Ուկրաինա ներխուժելուց հետո ինչքան մեկուսացված է Ռուսաստանը։

Իրանի և Թուրքիայի նախագահների հետ երկկողմ հանդիպումներից զատ, Պուտինը հանդիպում ունեցավ նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ։ Ի դեպ, հանդիպման ընթացքում Իրանի հոգևոր առաջնորդն անուղղակիորեն իր աջակցությունը հայտնեց Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին՝ հակամարտության սրման ողջ մեղքը բարդելով Արևմուտքի վրա։

«Եթե դուք ձեր ձեռքը չվերցնեիք նախաձեռնությունը, ապա մյուս կողմն սեփական նախաձեռնությամբ կսկսեր պատերազմը»,- հանդիպման ժամանակ հայտարարեց Խամենեին։

Պուտինի Թեհրան այցելության ժամանակ Газпром-ը և Իրանի ազգային նավթային ընկերությունը՝ NIOC-ը 40 միլիարդ դոլար արժողությամբ հուշագիր են ստորագրել, որով նախատեսվում է երկու գազային և վեց նավթային հանքավայրերի մշակում։ Գործարքը կնքվել է առցանց ձևաչափով, որին մասնակցել են Газпром-ի փոխտնօրեն Վիտալի Մարկելովը և NIOC-ի ղեկավար Մոհսեն Խոյստեմերը։ 

Ծրագրվող նախագծերի թվում են Քիշ և Հյուսիսային Ֆարս գազի հանքավայրերի մշակումը, հեղուկ բնական գազի մատակարարման նախկինում սկսված նախագծերի ավարտը և արտահանման գազատարների կառուցումը:

Արդեն երեկոյան Իրանի մայրաքաղաքում մեկնարկեց եռակողմ հանդիպումը, որի առանցքում սիրիական հիմնահարցն էր։ Այս հարցում կողմերի դիրքորոշումները տարբեր են։ Ռուսաստանն ու Իրանն աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, իսկ Թուրքիան՝ ապստամբներին և մյուս ուժերին։ Տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ երեք երկրները հաստատել են «վճռականությունը շարունակելու իրենց մշտական համագործակցությունը, որպեսզի վերջնական արդյունքում ոչնչացնեն ահաբեկչական անձանց»։ Ընդ որում, Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է Ռուսաստանի և Իրանի կողմից աջակցություն՝ «ահաբեկչության դեմ պայքարում», չնայած շատերը պնդում են, որ հենց Թուրքիան է Սիրիայի տարածքում ահաբեկչական ուժերի գլխավոր ֆինանսավորողն ու հովանավորը։

Վերջին շրջանում Թուրքիան սպառնում է նոր հարձակում իրականացնել Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ուժերի դեմ, որոնց սատարում է Միացյալ Նահանգները։ Այդ գործողությանը դեմ են հանդես գալիս նաև Իրանը և Ռուսաստանը։ Ի դեպ, Իրանի հոգևոր առաջնորդի հետ Էրդողանի հանդիպման ժամանակ, Խամենեին Թուրքիայի առաջնորդին ուղիղ հայտարարել էր, որ իրենք դեմ են նման սցենարին։

Այդ գործողությունը հանդիսանում է Էրդողանի պլանի մի մասը, համաձայն որի՝ նա մտադիր է թուրք-սիրիական սահմանի երկայնքով ստեղծել 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի, բնականաբար, սիրիական տարածքի հաշվին։ 

Գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին Ռուսաստանի ու Իրանի առաջնորդների պատասխանները հիմնականում կրել են հակաամերիկյան բնույթ։ Նախ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ սիրիական ճգնաժամը ռազմական լուծում չունի։ Բացի այդ, նա կարծում է, որ երկրի զինված ուժերը պետք է ապահովեն ամբողջական անվտանգությունը Սիրիայի սահմաններին։ Ռայիսին նաև ԱՄՆ-ին կոչ է արել որքան հնարավոր է շուտ հեռանալ տարածաշրջանից։

Վլադիմիր Պուտինը իր հերթին նշել էր Սիրիայում բռնության մակարդակի զգալի նվազումը և քաղաքական ու դիվանագիտական գործընթացի սկիզբը։

«Ռուսաստանը ելնում է երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներից, և անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որպեսզի սիրիացի ժողովուրդն ընտրի զարգացման ուղին՝ առանց արտաքին միջամտության»,- հայտարարել է Պուտինը՝ ընդգծելով, որ սիրիացիները պատրաստ են բանակցությունների։ Պուտինը ևս անմասն չի մնացել ամերիկացիներին քննադատելուց։ Նրա մատնանշմամբ՝ Միացյալ Նահանգները ապակառուցողական քաղաքականություն է վարում այդ երկրում։

Աստանայի ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Ռուսաստանի տարածքում։

Լուսանկարը՝ ТАСС գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter