HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 147-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Ուկրաինայում պատերազմի 147-րդ օրվա առավոտյան ամփոփումն սկսենք վերջին ժամերի հիմնական նորություններով։

Դմիտրի Կուլեբա. Ռուսաստանն ու Ուկրաինան գրեթե պայմանավորվել են ուկրաինական հացահատկի արտահանման շուրջ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան միջազգային միջնորդների օգնությամբ գրեթե համաձայնության են հասել հացահատկի արտահանման համար ուկրաինական նավահանգիստների ապաարգելափակման շուրջ։

«Իրավամբ, ներկայիս դրությամբ, մենք շատ առաջնային փուլում ենք։ Եվ հույս ունենք, որ ՌԴ-ն իրեն պատասխանատու կպահի և կստորագրի այն պարտավորություններով, որոնք նախատեսված են այդ պայմանավորվածությունների նախագծով»,- «Рада» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Կուլեբան։ 

Նա ընդգծել է, որ բանակցություններին մասնակցում են ոչ միայն ազգային կառավարությունների ներկայացուցիչներ, այլև միջազգային կազմակերպություններից միջնորդներ, և ողջ գործընթացը շատ բարդ է։ 

«Դիվանագիտությունում կա այսպիսի կանոն. «ամեն ինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ»։ Ամեն ինչ կարող է տապալվել ցանկացած պահի»,- հայտարարել է ուկրաինացի նախարարը։

ԵՄ իշխանությունները մտադիր են անդամ պետություններին առաջարկել ինքնակամ 15 %-ով կրճատել գազի սպառումը

Ըստ Bloomberg գործակալության՝ այդպիսի որոշման պատճառը ԵՄ մտահոգություններն են այն մասին, որ Ռուսաստանից գազի մատակարարումները կարող են ամբողջությամբ դադարեցվել։

Եվրոպական հանձնաժողովը հուլիսի 20-ին պատրաստվում է հրապարակել համապատասխան պլանը։ Այն ներառում է առաջարկություններ նվազեցնելու ջեռուցման և հովացման էներգետիկ ծախսերը, ինչպես նաև գազի խնայման շուկայական միջոցներ։ 

Պլանի շրջանակում առաջարկվում է մինչև 19 աստիճանի հասցնել հանրային վայրերի ջեռուցումը, իսկ օդափոխումը՝ մինչև 25 աստիճանի։

Առավոտյան հրետակոծվել է Կուրսկի մարզի Ռիլսկի շրջանը

Նահանգապետի փոխանցմամբ՝ ռմբակոծվել են Կրուպեց սահմանային հսկիչ անցագրային կետը և Գորոդիշե գյուղը։ Այնտեղ վնասվել է էլեկտրասնուցման գիծը։

ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ անվանել է «Արևմուտք» զորամիավորման հրամանատարի անունը

Դա արվել է զորամիավորման տեղակայման վայր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցի ժամանակ։ Ռուսական պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ նախարարը լսել է զորամիավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Սիչեվոյի զեկույցը։

ԱՄՆ. Ռուսաստանը կպատժվի ուկրաինական բռնազավթված տարածքների բռնակցման համար

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է 2014 թվականի սցենարով բռնակցել ուկրաինական բռնազավթված տարածքները։

«Ռուսաստանն սկսել է մեզ վարկած ներկայացնել այն մասին, որը մենք կարող ենք անվանել բռնակցման սցենար, որը շատ նման է նրան, ինչ մենք տեսել ենք 2014 թվականին։ Ռուսաստանն Ուկրաինայի այն տարածքներում, որոնք գտնվում են իր վերահսկողության, արդեն իսկ կարգում է ոչ լեգիտիմ լիազորություններ ունեցող իշխանությունների»,- ասել է Քիրբին։

Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստվում է անցկացնել կեղծ հանրաքվեներ, որոնք, հնարավոր է՝ կայանան սեպտեմբերին։ «Ուժող բռնակցումը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, մենք նրան մարտահրավեր կնետենք և թույլ չենք տա անպատիժ մնալ»,- ասել է Քիրբին։ 

Ենթադրյալ բռնակցման թիրախների թվում Քիրբին անվանել է ուկրաինական Խերսոնի և Զապորոժյեի մարզերի Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող հատվածները։

Ելենա Զելենսկայան Սպիտակ տանը հանդիպել է Բայդենների հետ

Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան այցելել է Սպիտակ տուն և հանդիպել Բայդենների ընտանիքի հետ։ 

Ջո և Ջիլ Բայդենները Վլադիմիր Զելենսկու տիկնոջը դիմավորել են մուտքի մոտ ծաղիկներով, որից հետո շփման համար շարժվել դեպի Սպիտակ տան կապույտ սենյակ։ 

Չորեքշաբթի՝ հուլիսի 20-ին, Ելենա Զելենսկայան հանդես կգա Կոնգրեսում և հանդիպումներ կունենա ամերիկացի քաղաքական գործիչների հետ։

Լուսանկարը՝ Igor Tkachev / AFP / Scanpix / LETA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter