ԲԴԽ-ն կոչ է անում Դատախազությանը հարգանք դրսևորել օրենքի և դատական իշխանության նկատմամբ
2022 թ․ հուլիսի 18-ին Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջում հրապարակվել է «Կրկնահանցագործը նոր հանցագործություններ է կատարել՝ դատարանների անհիմն որոշումների արդյունքում պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակվելու արդյունքում» խորագրով հաղորդագրություն, որում կասկածի տակ է դրվել Առաջին, Վերաքննիչ և Վճռաբեկ ատյանների կողմից միևնույն գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիմնավորվածությունն ու օրինականությունը:
Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որով անթույլատրելի և դատապարտելի է համարում հատկապես պետական մարմինների կողմից նման գործելաոճը, քանի որ այդ արատավոր երևույթը ոչ միայն անհիմն հեղինակազրկում է դատական իշխանությանը, այլև ստեղծում է տպավորություն, որ պետական մարմինները չեն հարգում օրենքը, ինչն անելը հենց առաջնահերթ վերջիններիս պարտականությունն է:
«Կոչ ենք անում մեր գործընկերներին իրենց արտահայտություններում լինել հնարավորինս զուսպ, չհատել կոռեկտության սահմանները և հարգանք դրսևորել օրենքի և դատական իշխանության նկատմամբ»,- ասված է ԲԴԽ հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Դատախազությունն ավելի վաղ հաղորդել էր, որ դատարանների կողմից կայացված՝ կրկնահանցագործին պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու չհիմնավորված որոշման, դրա դեմ Դատախազության առարկությունների, վերադաս դատարաններ ներկայացրած բողոքների մերժման արդյունքում ազատ արձակվելուց հետո անձը կատարել է նոր, այդ թվում նաև` առանձնապես ծանր հանցագործություններ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել