HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պղտոր տեղումները պայմանավորված են Սիրիայի անապատներից եկած փոշով

Այսօր ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում նախարարության հիդրոմետ, «ՄԵՎԱՆԾ» և ՍՊԱԾ գործակալությությունների ներկայացուցիչները լրագրողներին ներկայացրեցին հանրապետության ընթացիկ սեյսմիկ ռեժիմը, կարկտի դեմ տարվող աշխատանքներն ու եղանակի կանխատեսումները:

ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանի խոսքերով` տարածաշրջանում դիտվում է սեյսմիկ ռեժիմի ակտիվացում, և այդ հանգամանքը գտնվում է ԱԻ նախարարության ուշադրության կենտրոնում:

- Դեռևս մայիսի սկզբին Ադրբեջանի Զաքաթալա բնակավայրում գրանցված ցնցումներից հետո մենք նշեցինք, որ տարածաշրջանում առկա է անջատված էներգիայի դեֆիցիտ, որը կարող է անջատվել մեկ ուժեղ կամ մի քանի թույլ ցնցումների միջոցով: Ինչպես տեսաք` կարճ ժամանակ անց Զաքաթալայում գրանցվեց 5 մագնիտուդով երկրաշարժ: 
Այսօր Հայաստանի տարածքում` Գյումրիի և Աշոցքի մոտ գրանցվել է 3-4 բալ ուժգնությամբ 3 թույլ ցնցում, սակայն պիտի նշեմ, որ դրանք Ադրբեջանի երկրաշարժի հետ տեկտոնական ոչ մի կապ չունեն: Մեր գործակալությունում կա շուրջօրյա հերթապահություն, որն ԱԻ նախարարի հրամանով վերջին շրջանում ավելի է ուժեղացվել:

ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը հավելեց, որ ճապոնացիների հետ համատեղ իրականացվող ծրագրի արդյունքում շուտով մեր համաքաղաքացիները տեղի ունեցած երկրաշարժի մասին տեղեկատվությունը կարճ հաղորդագրությամբ հաշված րոպեների ընթացքում կստանան բջջային հեռախոսների վրա: Պարոն Գրիգորյանը ևս մեկ անգամ հորդորեց բնակչությանն ականջ չդնել մոտ ապագայում «սպասվող երկրաշարժերի» վերաբերյալ խուճապարարների տարածած ասեկոսեներին և հետևել միայն ԱԻՆ հաղորդագրություններին:

«ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը ներկայացրեց ՀՀ ԱԻՆ հակակարկտային ծառայության աշխատանքը:

- Ներկայումս ՀՀ տարածքում գործում է 119 հակակարկտային կայան (15 Արագածոտնի, 48` Արարատի, 55` Արմավիրի և 1` Լոռու մարզերում): Դրանց պաշտպանության տակ է գտնվում 42 համայնք` շուրջ 9500 հա մշակովի հողերով: Վերջին շրջանում կարկտային երևույթները չեզոքացնելու նպատակով իրականացվել է մոտ 110 000 կրակոց, որոնց արդյունավետությունը գրեթե 80 տոկոս է: 

Կառավարությանն է ներկայացվել ծառայության զարգացման ծրագիր, ըստ որի նախատեսվում է կառուցել 80 գազագեներատորային և 30 ռեագենտային կայան:

Ներկայումս գրեթե պատրաստ է 35 նոր կայան, որոնցից 15-ը կտեղադրվի Արագածոտնի, 14-ը` Արմավիրի, իսկ 6-ը` Լոռու մարզերում: Նոր կայաններից 9-ը շարժական են:

Այս օրերին հանրապետությունում դիտվում են առատ տեղումներ և առաջիկա օրերին սպասվող եղանակին անդրադարձավ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

- Բնակիչներին հատկապես անհանգստացրել էին վերջերս գրանցված պղտոր տեղումները: Դրանք հիմնականում պայմանավորված էին Սիրիայի անապատային գոտուց ցիկլոնի բերած փոշով, որը խառնվել էր անձրևի կաթիլներին ու միանգամայն անվտանգ են մարդկանց համար: 

Առաջիկա հինգ օրը հանրապետությունը գտնվելու է ցիկլոնի ազդեցության տակ: Սպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ: Ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter