HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

111 մլրդ դրամ. ինչի հաշվին են բանկերը եռապատկել շահույթը առաջին կիսամյակում

Հայաստանի 17 առևտրային բանկերը 2022 թվականի առաջին կիսամյակում՝ (հունվար-հունիս) 111 մլրդ դրամի զուտ շահույթ են գրանցել, որը նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ մոտ 3 անգամ աճել է։ Այս մասին են վկայում բանկերի ֆինանսական հաշվետվությունները։ 

«Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը եզրակացնում է, որ շահույթի աճին էապես նպաստել են բանկերի կողմից ոչ ռեզիդենտներին մատուցված ծառայությունները։

«Մեծ դեր ունեն արտարժութային գործառնություններից ստացված եկամուտները»,- նշում է Ֆանյանը։

Ռուս-ուկրաինական պատերազմից հետո մի շարք ռուսաստանցիներ ժամանեցին Հայաստան։ Ֆինանսական շուկայում նրանց գործարքների ակտիվությունը ազդեց ոչ միայն դրամի վարքագծի վրա, այլև՝ բանկային ծառայությունների գների, օրինակ՝ մի շարք բանկեր սկսեցին բարձրացնել դրամական փոխանցումների միջնորդավճարները։ Այդպիսով, ավելացան ինչպես ծառայությունների ծավալը, այնպես էլ՝ դրանց գները։ Այդ ամենը՝ ի թիվս այլ գործոնների, նպաստել են բանկերի շահույթի աճին։ 

«Մոդեքս»-ի վերլուծությունը ցույց է տվել, որ 17 առևտրային բանկերից 4-ի դեպքում զուտ շահույթը նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ նվազել է, իսկ «ՎՏԲ Հայաստան բանկ»-ն աշխատել է վնասով:

Մնացած բոլոր բանկերը շահույթի աճ են գրանցել։ 

«Արդշինբանկ», «Ամերիաբանկ», «Էվոկաբանկ»․ շահույթով առաջատարները

Ըստ ֆինանսական հաշվետվությունների՝ այս տարվա առաջին կիսամյակում ամենամեծ շահույթը գրանցել է «Արդշինբանկ»-ը՝ 20.1 մլրդ դրամ, որը 2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ 3.2 անգամ աճել է։ 

Բանկի հաշվետվության մեջ տեսնում ենք, որ այս տարվա առաջին կիսամյակում «Զուտ եկամուտներ փոխարժեքային տարբերությունից» տողով ստացվել է 4.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 0.9 մլրդ դրամի դիմաց։ 

Երկրորդ տեղում «Ամերիաբանկ»-ն է՝ 19.1 մլրդ դրամի շահույթով։ Աճը՝ 2 անգամ։ Բանկը արտարժութային գործառնություններից 9.3 մլրդ դրամի եկամուտ է ստացել՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 2.4 մլրդ դրամի դիմաց։

Շահույթով երրորդ տեղում «Էվոկաբանկն է», որը թռիչքային աճ է գրանցել։ Բանկն այս տարվա առաջին կիսամյակում 13.4 մլրդ դրամի զուտ շահույթ է ստացել, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում այն կազմել է ընդամենը 79 մլն դրամ։ Հաշվետվության մեջ նշված է, որ «Էվոկաբանկ»-ը 15.4 մլրդ դրամի զուտ առևտրային եկամուտ է ստացել՝ նախորդ տարվա նույն կիսամյակի 0.8 մլրդ դրամի դիմաց։ Հաշվետվությունում այլ մանրամասներ չկան, սակայն դատելով, որ զուտ առևտրային եկամուտը ներառում է նաև  արտարժույթի առք ու վաճառքից և արտարժութային տարբերություններից գոյացող եկամուտները, կարելի է ենթադրել, որ այս երկու գործոնները որոշիչ ազդեցություն են ունեցել։

Չնայած համակարգի ընդհանուր շահույթն աճել է, սակայն ըստ առանձին բանկերի` դիտարկումները ցույց են տալիս, որ ոչ բոլոր բանկերն են շահույթի աճ գրանցել։

Ինֆոգրաֆիկան առավել մեծ չափերով տեսնելու համար կարող եք բացել առանձին պատուհանով (Open Image in New Tab)։

Սովորաբար բանկերը հաշվետվություններին կից հրապարակում են նաև ծանոթագրություններ, որտեղ կարելի է ավելի մանրամասն տեսնել նշված բանկի ֆինանսական վիճակի մասին տեղեկությունները։ 2022 թվականի կիսամյակային հաշվետվությունները հրապարակվել են, սակայն ծանոթագրությունները մեծ մասի մոտ դեռևս բացակայում են։ Դրանց հրապարակումից հետո հնարավոր կլինի առավել մանրամասն ներկայացնել, թե ինչի հաշվին է եռապատկվել բանկային համակարգի շահույթը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter