HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Գնում առանց մրցույթի․ 3,1 մլրդ դրամ «Տոյոտա Երևան»-ին ՝ պարեկային ծառայության մեքենաների համար

Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում 2023 թ․-ի հունվարից նոր պարեկային ծառայության համար ավտոտրանսպորտային միջոցներ ձեռք բերելու նպատակով Կառավարությունը 3,1 մլրդ դրամ կհատկացնի։ Որոշումն ընդունվեց գործադիրի հուլիսի 21-ի նիստում։

Ավտոմեքենաները ձեռք կբերվեն «Տոյոտա Երևան» ՍՊ ընկերությունից՝ առանց մրցույթի։

Հիշեցնենք, որ «Տոյոտա Երևան» ընկերության 60 %-ի բաժնետերը «Հ2» հեռուստաընկերության համասեփականատեր Սամվել Մայրապետյանն է, 30 %-ինը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 10%-ինը՝ ընկերության տնօրեն Վահե Գզրարյանը։

Ըստ որոշման նախագծի՝ բանակցությունների արդյունքում ձեռք բերված փոխհամաձայնությամբ նախատեսվում է մատակարարել «Toyota Fortuner» մակնիշի 45 միավոր մեխանիկական և 130 միավոր ավտոմատ տուփով ավտոտրանսպորտային միջոց, համապատասխանաբար՝ 15 մլն 900 հազ դրամ և 18 մլն 400 հազ․ դրամ արժեքով։

Կառավարությունը որոշման ընդունումը հիմնավորում է նրանով, որ ընկերության պաշտոնական կայքում նշված ավտոտրանսպորտային միջոցների՝ հուլիսի 13-ի դրությամբ հրապարակված վաճառքի գները, համապատասխանաբար, ըստ տեսակների կազմում են՝ 31 մլն 994 հազ․ դրամ և 35 մլն 292 հազ․ դրամ։

Կառավարության որոշմամբ՝ «Տոյոտա Երևան»-ին կհատկացվի կանխավճար՝ 100 %-ի չափով։

Նախագծի քննարկման ժամանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշեց, որ դեռևս մայիսի 23-ին հայտարարվել էր մեքենաների գնման մրցույթ, հունիսի 8-ին տեղի է ունեցել բացումը, սակայն մասնակից չլինելու պատճառով ընթացակարգը հայտարարվել է չկայացած։ «Այնուհետև հանրահայտ ապրանքանիշերի հայաստանյան բոլոր պաշտոնական ներկայացուցիչներին կատարված հարցումով պարզվել է, որ հայտարարված տեխնիկական բնութագրով, նշված քանակով, նախատեսված ժամկետում ավտոտրանսպորտային միջոց մատակարարելու պարտավորություն կարող է ստանձնել միայն «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն»,- ասաց ոստիկանապետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ սկզբունքորեն այս հարցը կարող էին նաև չզեկուցվող ընթացակարգով ընդունել․ «Բայց քանի որ կան զգայուն ձևակերպումներ, զգայուն վերնագրեր, նաև նախապատմություն, կարևոր համարեցի թափանցիկության սկզբունքի շրջանակում զեկուցենք և մանրամասն ներկայացնենք՝ ինչի մասին է խոսքը»։

Ըստ գործադիրի ղեկավարի՝ պարեկային ոստիկանության ձեւավորման գործընթացի ամենամեծ ֆինանսական հատվածը պարեկային մեքենաների ձեռքբերումն է։

«Նախկինում պարեկային ծառայության մեքենաների գնման ժամանակ խոսակցություններ են եղել, թե կարելի՞ էր, արդյոք, մեքենան ավելի էժան արժեքով գնել, ինչների՞ն է պետք, որ 6 բարձրախոս լինի»։

Փաշինյանի հավաստմամբ՝ ոստիկանության բարեփոխումների խորհրդում քննարկվել են այս բոլոր հարցերը․ «Օրինակ՝ դինամիկների հարցերին մի 45 րոպե տրամադրել ենք, թե ինչու ենք 6 դինամիկով մեքենա գնել։ Դրանք հարցեր են, որ պետք է պատասխան ստանան»,- հայտնեց նա՝ ասելով, որ հիմա բոլոր մանրամասները չի հաղորդի։

Վարչապետը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ հրավիրվել են Հայաստանում գործող ընկերությունների ներկայացուցիչները, նշվել է, որ ոստիկանությանն անհրաժեշտ են նման պարամետրերով մեքենաներ․ «Արձանագրել ենք, որ մեքենաների առաջարկի հետ կապված պրոբլեմ ունենք, մյուս ընկերությունները մեզ անհրաժեշտ ժամկետներում չեն կարող մատակարարել մեքենաներ»։

Փաշինյանը նաև նշեց, որ խնդիր են ունեցել նաև մեքենաների գույնի հետ կապված, քանի որ պարեկային ծառայության որոշ մեքենաներ ձեռք են բերվել սև գույնով, որոշները՝ սպիտակ։

«Ստացվում է, որ մեքենաների տեսականին ավելի լայն է։ Ճիշտ կլիներ, որ 1-2 մոդել լիներ։ Էս դեպքում ժամանակ չկորցնելու համար ուղիղ գնում ենք անում, որովհետև պոտենցիալ բոլոր մասնակիցներն արձանագրել են, որ չեն կարողանալու այդ հարցը լուծել»,- եզրափակեց կառավարության ղեկավարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter