Կուլիսային քննարկումներ. ու՞մ կհասնեն մշտական հանձնաժողովների ղեկավար պաշտոնները
Ազգային ժողովի կուլիսներում արդեն քննարկվում են մշտական հանձնաժողովների նախագահների ու տեղակալների պաշտոնները զբաղեցնողների հարցը: Ազգային ժողովի մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի տարբերակներ են քննարկվում, որտեղ հաշվի է առնվում նաեւ նոր կոալիցիային ԲՀԿ-ի չմիանալու խնդիրը:
Նշենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի հոդված 25-ի, եթե խմբակցության, պատգամավորական խմբի անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունը, պատգամավորական խումբն իրավունք ունեն իրենց անդամին ներկայացնելու ոչ ավելի, քան երկու մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար` յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում ունենալով մեկական պատգամավոր:
Նոր խորհրդարանում ընդդիմությունը քիչ մանդատներ ունի, հետեւաբար քիչ ներկայացված է լինելու հանձնաժողովներում: Հիշեցնենք, որ ԱԺ-ն 2008թ. աշնանը ընդունել է «Դոնթի» բանաձեւը, ըստ որի՝ ընդունվել է օրենք, որով հանձնաժողովների ղեկավար կազմում տեղեր է հատկացվում նաեւ խորհրդարանական ընդդիմությանը:
Ըստ «Դոնթի» բանաձեւի՝ եթե ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» կոալիցիայի մեջ չմտնեն, ապա նրանց մշտական հանձնաժողովների ղեկավար պաշտոնների համար նրանց հասնելու է 4 տեղ: ԱԺ-ում քննարկում են, որ եթե ԲՀԿ-ն դառնա խորհրդարանական ընդդիմություն, ապա 4 հանձնաժողովներն էլ տրվելու է ԲՀԿ-ին, քանի որ ավելի շատ պատգամավորական մանդատ կունենա այս խմբակցությունը:
Բացի այդ, ըստ մեր աղբյուրների, կուլիսներում քննարկվում է ընդհանրապես վերացնել Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որն այժմ ղեկավարում է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Եթե այդ հանձնաժողովն իրոք փակվի, ապա տարօրինակ իրավիճակ է ստեղծվելու, քանի որ եվրոպացիները դժվար հասկանան եվրոպական արժեքներին ձգտող Հայաստանի իշխանությունների այդ քայլը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել