Փաշինյանն ընդունել է Եվրախորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրությունում, ,արչապետը կարևորել է Եվրոպական խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը և նշել, որ Եվրոպական միությունը հանդիսանում է Հայաստանի ժողովրդավարական օրակարգի արդյունավետ իրականացման կարևորագույն գործընկերներից մեկը: Կառավարության ղեկավարն ընդգծել է Արևելյան գործընկերության շրջանակում փոխգործակցությունը և նշել, որ մեր երկիրը կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության, ընտրական բարեփոխումների և այլ ուղղություներով ԱԼԳ շրջանակում զբաղեցնում է առաջատար դիրքեր:
Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը մանրամասն ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները վերոնշյալ ուղղությամբ և պատասխանել ԵԽ պատվիրակության հարցերին:
Ըստ կառավարության հաղորդագրության, զրուցակիցները կարևորել են տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովումը, այդ ուղղությամբ երկխոսության շարունակականությունը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին, ինչի կապակցությամբ Դեյվիդ Մքալիսթերը նշել է, որ Եվրոպական խորհրդարանը ևս կարևորում է Ադրբեջանի կողմից նրանց վերադարձի ապահովումը և շարունակելու է ջանքերը այդ ուղղությամբ:
Քննարկվել են նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Դեյվիդ Մքալիսթերը շեշտել են ԼՂ հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքի ապահովման անհրաժեշտությունն ու այդ նպատակով հետևողական աշխատանքի իրականացումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել