
Կառավարությունում քննարկվել են խաղողի վերամշակման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման ուղիները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են ընթացիկ տարվա ընթացքում խաղողի վերամշակման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Անդրադարձ է կատարվել այս տարի ակնկալվող բերքի ծավալներին, մթերման գործընթացի կազմակերպմանը, գյուղացիական տնտեսությունների և ընկերությունների հետ տարվող աշխատանքների ընթացքին:
Նշվել է, որ արդեն իսկ պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում արտադրողների և մթերողների միջև կնքվել է շուրջ 97 հազար տոննա խաղողի մթերման պայմանագիր:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կարևորվել է հնարավոր խնդիրների լուծման ուղղությամբ ամենօրյա հետևողական աշխատանքների իրականացումը և կառավարության գործիքակազմերի շրջանակում մթերող ընկերություններին օժանդակության ցուցաբերումը՝ արտահանման ծավալների ավելացման նպատակով:
Այս առումով, ընդգծվել է, որ կառավարությունն առաջիկայում նախատեսում է հանդես գալ արտահանման գործընթացում տուրքերի վճարների օպտիմալացման նախաձեռնությամբ:
Մեկնաբանել