
Ավետիք Չալաբյանի ուղերձը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից
«Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանն, ով երկու ամսից ավելի է՝ գտնվում է անազատության մեջ, ուղերձ է հղել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից: Այսօր Չալաբյանի գործով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանն ընթերցեց ամուսնու ուղերձը:
Հիշեցնենք, որ Չալաբյանը մեղադրվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց երկու և ավելի անձանց, այդ թվում՝ հիշյալ համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեջ:
Չալաբյանը համարում է, որ ինքը գտնվում է պատանդի կարգավիճակում:
«Եթե այս ամենի սկզբում դեռ կասկածներ կարող էին լինել կատարվածի էության մասին, ապա հիմա փաստերն ակնհայտ են դարձնում իմ և հիմա արդեն ընտանիքիս հետ տեղի ունեցող կազմակերպված հաշվեհարդարները, բերենք օրինակներ՝ պլանավորված սադրանք՝ ապօրինի ձայնագրությամբ, մոնտաժով և իշխանամետ կայքում այն շրջանառելով, փորձելով հասարակության աչքերում ինձ վարկաբեկել: Հապշտապ և օրենքի խախտումներով ընդունված օրենքի փոփոխություններ՝ քրեական գործ սարքելու համար, հարցաքննության իմիտացիա, որի նպատակն ինձ անազատության մեջ պահելն է, և ակնհայտորեն կեղծ մեղադրանքի առաջադրումը:
Այս ամենը քիչ էր, ապօրինի բիրտ բռնաճնշումներ են կիրառվել եղբորս՝ Արա Չալաբյանի նկատամբ, Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով։ Իմ և ընտանիքիս նկատմամբ տեղի ունեցող հաշվեհարդարը, սակայն, ընդամեը մի օղակն է բռնաճնշումների երկար շղթայի, որը վերջին 4 տարում, հատկապես, վարչախմբի կողմից տանուլ տված անփառունակ պատերազմից հետո, տեղի են ունենում հայրենասեր և արժանապատիվ քաղաքացիների նկատմամբ»,-իր ուղերձում նշել է Չալաբյանը:
Վերջինս դիտարկում է, որ բռնաճնշումները տեղի են ունենում արևմտյան կառույցների լուռ հայացքի ներքո, որոնք մոռացել են ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին:
Չալաբյանը միևնույն ժամանակ նշում է, որ այս ընթացքում բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ իրենց անկեղծ աջակցությունն են հայտնել իրեն և իր կարգավիճակում հայտնված անձանց՝ սրանով սահմանափակելով վարչախմբի կամայականությունները:
«Սակայն այս պայքարն անավարտ է, քանի վարչակարգի կամակատարները կարող են անմեղ մարդկանց սպանել և ազատության մեջ մնալ, իրար հետ հանցավոր համաձայնության գալով՝ քրեական գործեր կարել և բազմաթիվ մարդկանց անազատության մեջ պահել: Եթե չենք ցանկանում դառնալ Հայաստանում գործող վարչակարգի հերթական զոհը, պետք է մի կողմ թողնել երկմտանքը և անտարբերությունը, միասնաբար պայքարել օրենքի գերակայության հաստատման, իրապես անկախ դատարանների և արդարադատության համար»,- Չալաբյանի խոսքը փոխանցեց կինը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարում՝ ձախից՝ «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը, պաշտպան՝ Վարազդատ Հարությունյանը, Անահիտ Ադամյանը
Մեկնաբանել