HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». մեր իշխանությունը հետընտրական քեֆերի մեջ է, մինչդեռ Ադրբեջանը կարող է գնել վրացական երկաթուղին

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ «Վրացական երկաթուղի» պետական ընկերության բաժնետոմսերի 25%-ը ներկայացվել է վաճառքի Լոնդոնում գտնվող միջազգային ֆոնդային բորսայում: Այս նորությունը արձագանքի գրեթե չարժանացավ ոչ Հայաստանի կառավարության, ոչ էլ իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից:

Մինչդեռ ընդամենը 2 օրից՝ մայիսի 24-ին, վաճառքը կարող է իրականություն դառնալ, և փաստորեն հայտնի չէ՝ Թուրքիան և Ադրբեջանը այս կապակցությամբ ի՞նչ մտադրություններ ունեն: Վրաստանում երկաթուղու բաժնետոմսերի վաճառքի թեման արդեն վերածվում է քաղաքական նոր սկանդալի:

Ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ի.Շատբերաշվիլին հայտարարել է, որ «Վրացական երկաթուղու» բաժնետոմսերի 25%-ը պատրաստվում է գնել օֆշորային գոտիներից մեկում գրանցված մի ընկերություն, որի իրական տերը նախագահ Սահակաշվիլու հարազատ քեռին է՝ Թ. Ալասանիան:

Շատբերաշվիլին հրապարակավ զգուշացրել է Սահակաշվիլուն և նրա ընտանիքին, որ իշխանության փոփոխությունից հետո նրանց սեփականությունը դարձած ռազմավարական նշանակության օբյեկտները անմիջապես կբռնագրավվեն, սակայն այդ զգուշացումն առայժմ ռոմանտիկայի ոլորտից է:

«Ռոյթեր» գործակալության հաղորդմամբ՝ վրացական կողմը նախատեսում է երկաթուղու բաժնետոմսերի 25%-ի դիմաց ստանալ առնվազն 250 մլն դոլար: Հայաստանի համար չարիքի փոքրագույնը կլինի, եթե դրանց սեփականատեր դառնա Սահակաշվիլու ազգականը կամ ոչ թուրքական ու ադրբեջանական որևէ ընկերություն:

Սակայն միանգամայն հնարավոր է, որ Շատբերաշվիլու հայտարարությունը պարզապես զրպարտություն է, և վրացական կողմը պարզապես վաճառում է բաժնետոմսերը՝ պետական կամ այս պահին գործող իշխանության ինչ-ինչ շահերից ելնելով: Մինչդեռ Հայաստանը, փաստորեն, ցանկացած պարագայում անպատրաստ է այսպիսի զարգացմանը: Ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ գործող իշխանությունը ոչ մի իրատեսական ռազմավարություն չունի ընդհանրապես և Վրաստանի հետ հարաբերություններում՝ մասնավորապես:

Միայն ՀԱԿ ներկայացուցիչ, «Կոնկորդ» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը հանդես եկավ միանգամայն իրավացի դիտարկմամբ, որ Հայաստանը անհապաղ պետք է ձեռք բերի «Վրացական երկաթուղու» բաժնետոմսերի այդ մասը, որովհետև դա մեզ համար ազգային անվտանգության խնդիր է: Կառավարությունը, ինչպես միշտ, ուղղակի լռում է. հավանաբար ընտրություններում «փայլուն» հաղթանակի կապակցությամբ բազմաթիվ քեֆերից աչք չբացող մեր ղեկավարներին երկաթուղու թեման այնքան էլ չի մտահոգում:

Վրացական երկաթուղու բաժնետոմսերի վաճառքի հավանականության մասին խոսվում էր վաղուց, սակայն պաշտոնական Թբիլիսին մշտապես հերքում էր այդպիսի մտադրության առկայությունը՝ իր համար սովորական դարձած ոճով փափուկ բարձ դնելով Հայաստանի իշխանությունների գլխի տակ: Իսկ պաշտոնական Երևանը արդեն սովորություն է դարձրել անվերապահ հավատալ հարևանի խոստումներին, որոնք, որպես կանոն, հետո մշտապես անտեսվում են:

Ժամանակին Վրաստանի ղեկավարությունը նույն կերպ հավաստիացնում էր, որ ինքը չի աջակցի Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման Ադրբեջանի նախաձեռնությանը, բայց երբ Բաքուն կոնկրետ փողը դրեց սեղանին, պարզվեց, որ Թբիլիսին ոչ միայն պատրաստակամ է, այլև շատ ոգևորված այդ նախագծով, որովհետև այն միայն ընդլայնում է Վրաստանի տրանզիտային հնարավորությունները՝ միաժամանակ գործնականում զրոյի վերածելով Կարս-Գյումրի երկաթուղային հանգույցի տարածաշրջանային նշանակությունը, դարձնելով այն զուտ հայ-թուրքական երկկողմ նշանակության երկաթուղի:

Արդյունքում այսօր Ադրբեջանն ու Թուրքիան զբաղված են Հայաստանի տնտեսական շրջափակումը ավարտին հասցնելու իրենց վաղեմի ծրագրի իրագործմամբ, և որքան էլ Կարս-Ախալքալաք հանգույցի շինարարությունը ձգձգվում է, դրա կառուցումն արդեն կասկածից դուրս է: Այժմ հարց է առաջանում՝ Հայաստանի իշխանությունները վստա՞հ են, որ Անկարան կամ Բաքուն երկու օրից չեն գնելու նաև «Վրացական երկաթուղու» ընդհանուր բաժնեմասի 25%-ը և մենք կրկին չենք հայտնվելու, մեղմ ասած, տհաճ փաստի առջև:

Եվ եթե դա տեղի ունենա, ինչո՞վ են բացատրելու իրենց կարճատեսությունը կամ անգործությունը Երևանում: Եթե Թուրքիան կամ Ադրբեջանը դառնան վրացական երկաթգծի բաժնետեր, դա նշանակում է, որ հստակ հնարավորություն են ունենալու իբրև սեփականատերեր ազդելու երկաթուղու՝ որպես բիզնես-կառույցի գնային քաղաքականության վրա:

Եվ ամենևին չի բացառվում, որ Հայաստանի համար միակ երկաթուղային «պատուհան» հանդիսացող Վրաստանը այդ գործարքից հետո կամավոր կամ հարկադրված վերանայի Հայաստանից իրականացվող բեռնափոխադրումների գնային քաղաքականությունը, և նոր բաժնետերերի պահանջով հայաստանյան փոխադրումների համար նախատեսված սակագները բարձրացվեն:

Ի՞նչ է անելու բնակչության 44%-ի «քվեարկությամբ» իրեն այդքան վստահ զգացող մեր հանրապետական կառավարությունը, որը, ի դեպ, այսօր էլ երկրի տնտեսական զարգացման ոչ մի իրատեսական ծրագիր չունի: Ինչպես միշտ, պատճառաբանելու է, թե դա Վրաստանի՝ իբրև սուվերեն պետության որոշումն է, մենք ի՞նչ կարող էինք անել: Կամ էլ ինքնավստահ տեսքով կրկին հայտարարվելու է, թե վրացական կառավարությունը երկաթուղու բաժնետոմսերի 51%-ը պահպանելու է որպես պետական սեփականություն, ինչպես բաժնետոմսերի 25%-ը վաճառքի հանելուց առաջ հայտարարում էր Վրաստանի վարչապետ Ն.Գիլաուրին:

Բայց այդ նույն Գիլաուրին ժամանակ առաջ հայտարարում էր, որ երկաթուղին ամբողջությամբ պետական է մնալու, և քանի՞ կոպեկ արժե այդ հայտարարությունն այսօր: Մանավանդ որ «Վրացական երկաթուղի» ընկերությունը, նույն «Ռոյթերի» պնդմամբ, բաժնետոմսերի ամբողջ փաթեթը գնահատում է 800 միլիոնից մինչև 1 միլիարդ դոլար: Եթե ամբողջը վաճառելու մտադրություն չկա, ինչո՞ւ է նման թիվ հրապարակվում:

Այսպիսով, ամենևին չի բացառվում, որ ընդամենը երկու օր հետո ականատեսը դառնանք Հայաստանի արտաքին քաղաքականության հերթական «ֆիասկոյին», եթե, Աստված մի արասցե, բաժնետոմսերի փաթեթը հայտնվի Անկարայի կամ Բաքվի ձեռքին: Դա էապես կընդլայնի Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու Թուրքիայի և Ադրբեջանի հնարավորությունները:

Եթե անգամ բաժնետոմսերը ձեռք բերի Թուրքիայի և Ադրբեջանի հետ որևէ կապ չունեցող ընկերություն, վտանգը դարձյալ չի վերանում: Որովհետև բիզնեսը միշտ բիզնես է, Հայաստանի «հարցերը լուծելու» համար Անկարան կամ Բաքուն վրացական երկաթգծի նոր բաժնետիրոջը հետո կարող են առաջարկել այնպիսի գին, որը մի քանի անգամ կգերազանցի նախնական արժեքը, և այդպիսով կհասնեն Հայաստանի շրջափակումը ավելի խստացնելու իրենց նպատակին:

Այսպիսով տարածաշրջանում աստիճանաբար, բայց անշեղորեն ստեղծվում է մի իրավիճակ, որն այլևս հրատապ է դարձնում Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը՝ որպես Հայաստանի տնտեսական զարգացման միակ այլընտրանք: Եթե, իհարկե, Հայաստանի իշխանությունները կրկին մտադիր չեն «ուժերը կենտրոնացնել» հայ-թուրքական երկաթուղու վերաբացման ուղղությամբ, որի գինը հիմա արդեն լինելու է ուղղակի և անվերապահ կապիտուլյացիան թուրք-ադրբեջանական «տանդեմի» առջև թե Ղարաբաղի, թե Ցեղասպանության հարցում:

Վահան Վարդանյան

Մեկնաբանություններ (1)

ՍՈՆԱ
ԼԱՎ ՀԻՄԱ ԻՆՉ ԿԱՍԵՔ ՀԱՐԳԵԼԻՆԵՐՍ ԷԼԻ ՄԵՆՔ ԱՎԵԼԻ ԽԵԼԱՑԻ ԵՆՔ ՔԱՆ ՎՐԱՑԻՆԵՐԸ ԷԼԻ ՄԵՆՔ ԱՎԵԼԻ ԶԻԼ ԵՆՔ ՔԱՆ ՎՐԱՑԻՆԵՐԸ ԵԼԻ ԱՎԵԼԻ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆՔ ՀԵՐԻՔ Է ՄԵՆՔ ՄԵԶ ԽԱԲԵՆՔ .

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter