HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». կառավարության հերթական անհեթեթ որոշումը

Հանքի պատճառով տեղափոխում են սահմանամերձ գյուղի Ամենափրկիչ եկեղեցին

Հայաստանում ոչնչացման եզրին է հերթական պատմամշակութային հուշարձանը՝ Սյունիքի մարզի Ամենափրկիչ եկեղեցին: Այն դեպքում, երբ հայերս տարիներ շարունակ պայքարում ենք Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների վերականգնման համար, մեր սեփական տարածքում ոչնչացնում ենք մեր եկեղեցիները:

17-18-րդ դարերի Ամենափրկիչ եկեղեցին, որը գտնվում է Սյունիքի մարզի Կուրիս գյուղի վարչական շրջանում, կառավարության որոշմամբ, նախատեսվում է տեղափոխել մարզի Ագարակ քաղաք: Իհարկե, գովելի է, որ եկեղեցի չունեցող Ագարակում կարող է վերջապես հավատի տաճար լինել, սակայն ինչո՞ւ դա պետք է իրագործվեր եկեղեցի տեղափոխելու ծրագրի միջոցով:

Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքի տարածքում: Շուտով հանքի պայթեցումները հասնելու են եկեղեցու տարածք: Հենց դա էլ վթարային դարձած եկեղեցու տեղափոխման հիմնական պատճառն է: Հանքի պայթեցումների հետևանքով եկեղեցին ամբողջությամբ վթարային է դարձել, պատերին մեծ ճաքեր են առաջացել: Սա առաջին դեպքը չէ, երբ հանուն հանքարդյունաբերության զարգացման զոհաբերում ենք մեր հիասքանչ բնությունն ու պատմամշակութային ժառանգությունը:

Այն մասին, որ եկեղեցին վատթար վիճակում է, օրերս Ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգեց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական խմբի ղեկավար Արման Նալբանդյանը: Ֆեյսբուքում տեղադրված նկարներից պարզ է դառնում, թե ինչ սարսափելի վիճակում է եկեղեցին: Տարիներ շարունակ ցուցաբերված անտարբերության պատճառով եկեղեցու տանիքին արդեն խոտ է աճել:

«Այս գեղեցիկ բազիլիկատիպ կառույցը շուրջ 60 տարի դիմակայել է շահագործվող հանքավայրի ամենօրյա պայթեցումներին: Եկեղեցու ճեղքվածքը, սկսվելով արևելյան պատի հիմքից, ձգվում է մինչև առաստաղ, ողջ առաստաղի երկայնքով հասնում արևմտյան պատին և նորից իջնում մինչև հիմքերը՝ այդպիսով եկեղեցին մեջտեղից կիսում երկու մասի: Իսկ եկեղեցին կանգուն է իր պատերով, հզոր 4 որմնամույթերով, թաղակիր կամարներով և տանիքով հանդերձ»,- Ֆեյսբուք-ում գրել է հնագետը:

Մեզ հետ զրույցում Արման Նալբանդյանը տեղեկացրեց, որ ԽՍՀՄ տարիներին էլ է եկեղեցին անտեսված վիճակում եղել՝ ծառայելով որպես պահեստ: Այստեղ մշտապես ելումուտ են արել շրջակա գյուղերի անասունները: Այսօր էլ շոգից պատսպարվելու համար, սովորության համաձայն, կովերը մտնում են եկեղեցի:

Հնագետը պնդում է՝ եկեղեցին տեղափոխելը ճիշտ որոշում չէ: Եկեղեցու քարերին արձանագրություններ կան, զանազան նշաներ: Եկեղեցին տեղափոխելու դեպքում, ըստ հնագետի, հնարավոր չի լինի պահպանել այս ամենը: Բացի դրանից՝ եկեղեցին չպետք է զուտ կառույց դիտել, այդ տեղանքն արդեն սրբացած է: «Եթե տեղափոխվի, դա չի լինի նույն եկեղեցին է, դա կլինի մի նոր եկեղեցի, ինչքան էլ նույն քարերով կառուցվի»,- ասում է հնագետը:

Ի դեպ, Կուրիսի տարածքում կան նաև միջնադարյան և բրոնզեդարյան բնակատեղիներ, դամբարանադաշտ, ամրոցի մնացորդներ: Հանքի շահագործման հետևանքով այս ամենի գոյությունը նույնպես վտանգված է:

Այն դեպքում, երբ Հայաստանի կառավարությունը խոսում է սահմանամերձ գյուղերի զարգացման և բնակչության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու մասին, սահմանամերձ Կուրիս գյուղը հանքի շահագործման պատճառով դատարկման եզրին է, ոչնչանում է պատմամշակութային ժառանգությունը: Կուրիսում ապրող բնակչության թիվն այսօր չի հասնում 100-ի: Իսկ այս տեմպերով բնակավայրերի ու զբոսաշրջության զարգացում հնարավոր չի լինի ապահովել:

Ռոզա Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter