HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Էդուարդ Աղաջանյանը դատապարտում է ԵԱՀԿ ԽՎ-ի մոտեցումը՝ ուշադրություն սևեռելը միայն ռուս-ուկրաինական կոնֆլիկտին

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը դատապարտում է ԵԱՀԿ դիրքորոշումը, որ կառույցն իր ամբողջ ուշադրությունը սևեռել է միայն Ուկրաինայում տեղի ունեցող գործողություններին:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աղաջանյանը՝ ամփոփելով ամառային նստաշրջանի աշխատանքները:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային ամփոփիչ նստաշրջանում, որի շրջանակում հաստատվում է տարեկան զեկույցը, հայկական պատվիրակությունը 3 փոփոխություն է նախաձեռնել` գերիների առկախված խնդրի, մշակութային ժառանգության պահպանման, ԼՂ կոնֆլիկտը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում լուծելու մասին, սակայն դրանք չեն ընդունվել:

Նախքան ամառային նստաշրջանը Էդուարդ Աղաջանյանն ու Մարիա Կարապետյանը մեկնել են Լիտվա՝ հանդիպելու ԵԱՀԿ ԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի զեկուցողին՝ լիտվացի պատգամավորին, նրան ներկայացնելու տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները:

«Մեր տպավորությամբ հանդիպումը շատ կարևոր և բովանդակալից էր: Կարծում ենք, եթե չլիներ այդ հանդիպումը, թերևս նրա մոտ շատ ավելի կիսատ կլինեին մեր տարածաշրջանում տեղի ունեցածի վերաբերյալ պատկերացումները»,-ասաց Աղաջանյանը:

Նա հիշեցրեց, որ 2021-ի աշնանային նստաշրջանը ֆիզիկապես տեղի չի ունեցել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը: Նրա խոսքով՝ նստաշրջանի օրակարգը գրեթե զերծ է եղել քաղաքական բովանդակությունից, հայաստանյան պատվիրակության բոլոր անդամները հեռավար կարգով ելույթ են ունեցել, որին հաջորդել է հիբրիդային ձմեռային նստաշրջանը: Այդ նստաշրջանին էլ մասնակցել են յուրաքանչյուր պետության պատվիրակության ղեկավարները:

«Նիստի առաջին օրը համընկավ Ուկրաինայում պատերազմի առաջին օրվա հետ, որով պայմանավորված ամբողջ օրակարգը չեղարկվեց: Սա կարևոր եմ համարում նշել, որովհետև այդ պահից սկսած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամբողջ ուշադրությունը սևեռված էր այս կոնֆլիկտի վրա, և գործնականում, մեղմ ասած, դժվար էր որևէ այլ հարցի վրա խորհրդարանական վեհաժողովի ուշադրությունը հրավիրել»,-ասում է Էդուարդ Աղաջանյանը:

Նրա ներկայացմամբ՝ տարածաշրջանային հարցերի մասին խոսել են միայն հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների անդամները:

Աղաջանյանը հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի, Հարավային Կովկասսի հարցերով հատուկ ներկայացուցչի հետ և մանրամասն ներկայացրել է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները:

Արձագանքելով լրագրողի հարցին՝ Աղաջանյանը վստահեցրեց՝ «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ Հայաստանի համար.

«Կարևոր եմ համարում նշել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահի ու Եվրոպայի խորհրդի նախագահի վերջին հանդիպման արդյունքում, երբ Ադրբեջանի նախագահը համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել, այդ թվում՝ նաև «Զանգեզուրի միջանցքը» հիշատակելով, ԵԽ նախագահի գրասենյակը հերքող հայտարարությամբ է հանդես եկել, որ նման բան չի քննարկվել»,-ասաց նա: Աղաջանյանի խոսքով՝ Հայաստանը հրաժարվում է «Զանգեզուրի միջանցքի» մասին հարց քննարկել, ու նման դիրքորոշում է ունեցել ի սկզբանե:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter