
Ավետիք Չալաբյանի պաշտպանները լքել են նիստերի դահլիճը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր սկսվեցին «Համախմբում» նախաձեռնության անդամ, հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով նախնական դատալսումները:
Նիստի մեկնարկին պաշտպանական կողմն ասաց, որ իրենք չեն ծանոթացել վարույթի նյութերին, ընդ որում` ոչ իրենց մեղքով:
Պաշտպան Վարազդատ Հարությունյանն ավելացրեց, որ վարույթի նյութերը դատարանին տրամադրվել են հուլիսի 12-ին, իսկ Ավետիք Չալաբյանին` հուլիսի 20-ին:
Հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումներին` Հարությունյանը նշեց, որ Քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորին վարույթի նյութերին ծանոթացման համար 4 կամ 5 օր տրամադրելը ողջամիտ ժամկետ չէ:
Շուրջ մեկուկես ժամ քննարկումից հետո ի վերջո պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը:
Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը:
Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքով այդ հոդվածն ապաքրեականացված է եղել, սակայն օրենքի ուժի մեջ մտնելուց և Չալաբյանի երկամսյա կալանավորման ժամկետը լրանալուց առաջ օրենսգրքում լրացում է կատարվել, վերը նկարագրված արարքը քրեականացվել է, եւ այդ պայմաններում՝ Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է:
Մեկնաբանել