HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի նախկին խորհրդականը մտադիր է երկարացնել Մեղրասարի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը ևս 6 տարով

Վարչապետի նախկին խորհրդական Համլետ Հովսեփյանին, ընտանիքին և ռուս գործընկերներին պատկանող «ԱՏ-Մետալս» ՍՊ ընկերությունը մտադիր է երկարացնել Մեղրասարի հանքավայրի հանքարդյուահանման թույլտվության ժամկետը ևս 6 տարի 3 ամսով։

Մեղրասարի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը «ԱՏ մետալս» ՍՊԸ-ն ստացել էր 2015 թվականին: Այն 7,5 տարվա համար էր նախատեսված: Այսինքն՝ այս տարվա հունիսին այն ավարտվել է։ Ընկերությունը շրջակա միջավայրի նախարարության գնահատմանն է ներկայացրել նախագիծը, որը ենթադրում է հանքավայրի շահագործումը հաջորդաբար երեք բացահանքերով։

Բացահանքերի տարեկան արտադրողականությունը կազմում է 50000 տոննա՝ ըստ ապրանքային հանքաքարի (45333տ՝ ըստ մարվող պաշարի):

Բացահանքերի տարածքը գտնվում է Լիճք և Տաշտուն գյուղերից 5 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևելք։

Արդյունահանված հանքաքարը տեղափոխվելու է 20 կմ հեռավորության վրա գտնվող Տաշտունի հանքաքարի վերամշակման գործարան:

Մեղրասարի ոսկու հանքավայրը Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի հյուսիսային թևն է և հարում է Քաջարանի հանքային դաշտի հարավ-արևմտյան թևին: Համաձայն ներկայացված նախագծի՝ տարածքի հողերը հիմնականում օգտագործվում են խոտհարքների և արոտավայրերի տակ: Սակայն այստեղ նաև հանդիպում են հազվադեպ և անհետացող, ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ։ Դա, ըստ «ԱՏ-Մետալսի», կարևորում է արդյունաբերական նպատակներով օգտագործվելիք տարածքների ընտրության զգուշորեն մոտեցումը։

Տարածքում գրանցվել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված միջատների 1 տեսակ՝ Սյունիքի էնդեմիկ, կապանյան երկարաբեղիկ բզեզը (Cortodera kafanica): Այստեղ, հանդիպում են մի շարք նեղ տարածվածություն ունեցող բզեզներ, որոնք կարող են ունենալ որոշ բնապահպանական նշանակություն: Դրանք են Հայաստանի, Անդրկովկասի և Կովկասյան էկոռեգիոնի էնդեմիկները: Հետազոտված տարածքներում հայտնաբերվել է Հայաստանի 1, Անդրկովկասի` 5 և Կովկասի` 8 էնդեմիկ տեսակ:

Շահագործվող հանքի տարածքը, համաձայն նախագծի, չի առնչվում էկոլոգիապես զգայուն տարածքների՝ վայրի բնության կամ այլ արգելոցի, ազգային զբոսայգու կամ միջազգային նշանակության այլ տարածքների հետ։ Բնության հատուկ պահպանվող ամենամոտ տարածքը «Արևիք» ազգային պարկն է, որից հանքի հեռավորությունը 14 կմ է։

Հանքարդյունահանման հետևանքով խախտված հողերի մակերեսը կազմելու է 73 հա։ Շինարարության և շահագործման ժամանակ հողերի օգտագործման ձևը նախատեսված է վարձակալության պայմաններով՝ 7.5 տարի ժամկետով: ՀՀ անտառային ֆոնդից հողատարածք չի վերցվում:

Հողային ռեսուրսների վրա ձեռնարկության տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցությունը գնահատվում է 518.587 մլն դրամ գումարով` 1 տարվա կտրվածքով: Իսկ գումարային տնտեսական վնասը գնահատվում է տարեկան 555 մլն դրամ։

«ԱՏ-Մետալս»-ը ՇՄԱԳ-ի նախագծում ներկայացրել է 2015-2021թթ․ արդյունահանված հանքաքարի ծավալները։ Ընդ որում՝ 2016 և 2018 թվականներին ընկերությունն արդյունահանում չի իրականացրել։ Ըստ այդմ, ընկերությունը 5 տարվա ընթացքում արդյունահանել է 233 կգ ոսկի և 525 կգ արծաթ։

Համաձայն իրական շահառուների հայտարարագրի՝ «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ում Համլետ Հովսեփյանի բաժնեմասը 15 % է, ևս 15 %-ը՝ ավագ որդունն է՝ Վարդան Հովսեփյանինը, 19,8 %-ը վերահսկում է նրա կրտսեր որդին՝ Կարեն Հովսեփյանը։ Այդպիսով, Հովսեփյանները տիրապետում են ընկերության բաժնեմասի 49,8 %-ին։

ՌԴ քաղաքացիներ Սերգեյ Մուլինը 25,61 % մասնակցություն ունի, նրա եղբայր Գեննադի Մուլինը՝ 19 %։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter