HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ․ Համբարձում Մաթևոսյան

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։

Կառավարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ նիստին մասնակցել են նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, մարզպետները, «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանը, շահագրգիռ պետական և հասարակական այլ կառույցների ներկայացուցիչները։

Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու նպատակը շահագրգիռ պետական գերատեսչությունների և կազմակերպությունների ուշադրությունը ճանապարհային անվտանգության ոլորտում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և բացերին հրավիրելն է՝ ստեղծելով ճանապարհային անվտանգության հարցերի վերաբերյալ համագործակցության, տեղեկատվության փոխանակման և հաշվետվողականության հարթակ:

Փոխվարչապետ Մաթևոսյանը ողջունել է նիստի մասնակիցներին և նշել, որ Հայաստանի տրանսպորտային համակարգի կարևոր խնդիրներից են երկրի ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների գործունեության արդյունավետության բարձրացումն ու արդյունավետ տրանսպորտային ծառայությունների ապահովումը։

«Ամբողջ աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահանում են միլիոնավոր մարդիկ: Վիճակագրությունն այս առումով մտահոգիչ է նաև Հայաստանում, քանի որ մեզ մոտ ՃՏՊ-ներից տարեկան 300-ից ավելի մարդ է մահանում։

Հայաստանը պետք է անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկի ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ, որը ենթադրում է միջոցառումների իրականացում ուղղված և՛ ճանապարհային անվտանգության օրենսդրության վերանայմանը, և՛ ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանը, և՛ տրանսպորտային միջոցների անվտանգությանը, ինչպես նաև կրթական ծրագրերի ու հանրային իրազեկման արշավների իրականացման անհրաժեշտությանը»,- ընդգծել է Համբարձում Մաթևոսյանը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը։

Դրանք վերաբերել են Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության նախագծին և ճանապարհային երթևեկության անվտանգության ընթացիկ վիճակին և առկա խնդիրներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter