
13 անձից բաղկացած ընտանիքի ամենանվիրական երազանքը սեփական տուն ունենալն է
«Մեզի կըսեն՝ ինչի եք ըդքան երեխա ունեցել, օր հմի էլ տուն կպահանջեք: Քաղաքապետն էլ է նույն բանն ըսել,նախկին մարզպետ Լիդա Նանյանն էլ: Վարդան Ղուկասյանին դիմեցինք, մեզի «Դոսի» շենքերի էդ կիսաքանդ բնակարաններից տվեց, չվերցրինք, որովհետև դրանք տուն չեն: Հետո նորից ենք դիմել, մեզի ուղարկեց ձրի սնվելու ճաշարան: Թե ինչ կապ ուներ մեր տան պահանջն էդ ճաշարանի հետ, չհասկցանք: Դե, մենք էլ ինքնասիրություն ունենք, էլ իրան էդ հարցով չենք դիմել: Նանյանն էլ հեռուստացույցով ելույթ ունեցավ, թե թող գան մեզ դիմեն կօգնենք, բայց էլի ոչ մի բան չարեց: Մենք էս երկրից բան չենք հասկնա: Կըսեն՝ երեխա բերեք, թող ազգը շատանա, հետո էլ կնախատեն, թե ինչի եք շատ բերել»,- 36-ամյա Լուսինեի կանաչակապտավուն աչքերում տխրություն չկա, ավելի շուտ իրավիճակի հետ համակերպվածություն եմ նկատում:
Հասմիկ, Մանուշակ, Լիաննա, Աննա, Նարինե, Իսրայել, Սամսոն, Մելինե, Էլինա, Անահիտ, Իրինա` 9 աղջիկ, 2 տղա: Մեծը 17 տարեկան է, փոքրը` 3: 2011թ. սեպտեմբերին Լուսինեն լույս աշխարհ բերեց երկվորյակ աղջիկների, սակայն մահացած, այլապես Գևորգյանների ընտանիքում այսօր 11-ի փոխարեն 13 երեխա կլիներ: Գյումրի քաղաքի Մեքենավարների փողոցի 49 տանը Գևորգյանները վարձով են բնակվում:
«Էս տունն էլ հազիվ գտանք: Հեչ մարդ չէր ուզե մեզի վարձով տուն տալ: Դե, կտեսնեին օր շատվոր ենք, երեխեքը փոքր են հիմնականում, կվախենային տուն տային: Էս տունն էլ տվեցին, որովհետև էնքան էլ բարվոք չէր, պատերը ճաքած, մի քիչ խարխլված է, տանիքը կկաթա, բայց ուրիշ ճար չունեինք, դոմիկների մեջ ապրելն արդեն անհնար էր: 8 տարի ապրանք, բայց օր նորմալ հարմարություններ չկար, մենք էլ արդեն 13 անձ էինք, ստիպված վարձով եկանք ըստեղ ապրելու»,- պատմում է բազմազավակ մայրը:
Երբ ամուսնացան, Լուսինեն 17 տարեկան էր, իսկ ամուսինը`Արտյոմը, 19 տարեկան: Սիրահարված չեն եղել, բայց մեծ ու ամուր ընտանիք ունենալու գաղափարը միավորել է երկուսին: «Երեխան Աստծո պարգևն է, մենք իրավունք չունենք վիճարկելու նրա ապրել-չապրելու հարցը»,- ասում է 38-ամյա Արտյոմ Գևորգյանը: Նրա եղբայրը նույնպես բազմազավակ ընտանիքի հայր է. 6 երեխա ունի:
«Մեր երկրում, բացի նպաստ տալուց, բազմազավակ ընտանքիներին ուրիշ արտոնություն չեն տա: Սովետի վախտ տունը կուտային, ավտոն կուտային, հանգստյան տան ուղեգիր տարվա մեջ գոնե մեկ անգամ կհատկացնեին: Մեր մոտ փաստորեն շատ երեխա ունենալը պետության համար հոգս է: Ես չեմ ըսե՝ իմ երեխեքիս դու պահե, պետություն: Ես կըսեմ՝ գոնե տուն տուր, մնացածը մենք մե ձևիմ էլի կկարգավորենք»,- նեղսրտում է Արտյոմը:
Ամուսնանալուց հետո Արտյոմն ու Լուսինեն բնակվել են Երևանյան խճուղի թիվ 143ա վթարային շենքի թիվ 31 բնակարանում: Երկրաշարժից վնասված շենքի միակ բնակիչներն էին. բոլորը հեռացել էին, իսկ իրենք մի կերպ հարմարվել էին, որովհետև այլընտրանք չունեին: Երբ 2002թ. շենքն ամրացրին, 3 սենյականոց բնակարանը մարզպետարանը կրկին հատկացրեց սեփականտերերին, այսինքն՝ Արտյոմի ծնողներին` հայտարարելով, որ պետությունը Գևորգյանների նկատմամբ այլևս ոչ մի պարտավորություն չունի: Այդ ժամանակ Լուսինեն ու Արտյոմն արդեն 6 երեխա ունեին: 3 սենյականոց բնակարանում պիտի ապրեին նաև Արտյոմի եղբորը ընտանիքը, ծնողները և չամուսնացած քույրը:
«Մենք ստիպված եղանք 2 հատ 9 մետրանոց դոմիկ առնել ու տեղափոխվել ապրելու «Օդանավակայան» թաղամաս: Անհնար էր 12 հոգով մի տան մեջ ապրելը: Դրա համար էլ ես որոշեցի ընտանիքս առնել դուրս գալ,- պատմում է Արտյոմը:- Եթե հըմի մնայինք, սաղս իրար հետ կլինեինք 24 հոգի: Մենք ինչքան դիմել ենք տան համար, մեզի կառավարության թիվ 432 որոշումն են ցույց տվել: Բայց պետությունը մեր նման ընտանիքների համար, իմ կարծիքով, պիտի առանձին որոշում հանե»:
Բնակարան ստանալու խնդրանքով Արտյոմն ու Լուսինեն բախել են բոլոր պատկան ատյանների դռները: 2008թ. ՀՀ նախագահին հասցեագրված դիմում-նամակի պատասխանը ստացել են Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչիկ Պողոսյանից: Վերջինս հիշեցրել է Գևորգյաններին, որ մարզպետի 2003թ. նոյեմբերի 5-ի թիվ 290 որոշմամբ Երևանյան խճուղի 143ա շենքի թիվ 31 երեք սենյականոց բնակարանը հատկացվել է նրանց 12 անձից բաղկացած ընտանիքին:
«Ելնելով վերոգրյալից, ՀՀ կառավարության 10.06.1999թ.-ի թիվ 432 որոշմամբ հաստատված կարգի 12ա կետի համաձայն, ձեր բնակարանային պայմանները բարելավվել են: Դուք այլևս չեք համարվում երկրաշարժից անօթևան և իրավասու չեք օգտվելու երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար ՀՀ Շիրակի մարզում իրականացվող բնակարանային փոխհատուցման որևէ ծրագրից»,-նշված է եղել պատասխան նամակում:
Իսկ ահա 2009թ. դեկտեմբերի 1-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված պատասխանում մերժումը պաշտոնյան հիմնավորել էր նրանով, որ բնակարան իրենք տրամադրում են «Պետական աջակցություն և մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարանի տրամադրում» ծրագրերի շահառուներին: Իսկ Գևորգյանները, ցավոք, չեն բավարարում ծրագրի շահառու դառնալու պայմաներին: «Էս պատասխանն օր ստացանք, ես ու ամուսինս շվարել էինք, ուրեմն մենք պիտի մեռնենք, որ մեր երեխեքը բնակարան ստանան. քանի մենք կանք, իրավունք չենք ունենա սեփական տան մեջ ապրելու»,- Լուսինեն բարեսրտորեն ծիծաղում է:
Գևորգյանների 11 զավակներից 6-ը հաճախում է թիվ 27 հանրակրթական դպրոց, երեքը` մանկապարտեզ, մեծ աղջիկը` Հասմիկը, սովորում է Գյումրու թիվ 1 արհեստագործական ուսումնարանի «Կար ու ձև» բաժնում: Տանը մոր հետ մնում է միայն 3-ամյա Իրինան: Փոքրիկը քույրերից ամենաաշխույժն է ու ծնողներից անընդհատ պահանջում է իրեն մանկապարտեզ տանել: Նրա ձիթապտուղ հիշեցնող աչուկներում անհոգության երանգներ են, ու նա միակն է, որ տան 12 անդամների նման ոչ թե սեփական տան մասին է երազում, այլ մանկապարտեզ կոչված ինչ-որ խորհրդավոր բանի, ուր ամեն առավոտ հաճախում են իրենից մեծ քույրիկները:
Ընտանիքի միակ եկամուտը 95 հազար դրամ նպաստն է և Արտյոմի պատահական աշխատանքով վաստակած գումարները: Ամեն ամիս 100 կգ ալյուր են գնում: Հացը տանն են թխում: Անցած ձմեռ միայն 800 կգ կարտոֆիլ են գնել, այն էլ պարտքով: Տարբեր բարեգործական կազմակերպություններ օգնում են հագուստի հարցում: Ժամանակ առ ժամանակ աջակցում են՝ օգտագործած էլեկտրաէներգիայի գումարը փոխհատուցելով: Տիկնիկային թատրոնի տոմսեր են տրամադրում, միջոցառումների են հրավիրում, ասում է Լուսինեն: Իրենց կյանքի ամենանշանակալից միջոցառումը եղել է 2011թ. մայիսի 15-ին նշվող «Ընտանիքի օր» տոնակատարության շրջանակներում Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Հովիկ Աբրահամյանին հյուրընկալվելը:
«Պատվոգիր ու 100 հազար դրամ տվեցին՝ որպես երիտասարդ, բազմանդամ ընտանիքի,- պատմում է Լուսինեն:- Ես գիտեի, որ էլ ուրիշ առիթ չեմ ունենա անձամբ ԱԺ նախագահի հետ խոսելու, ու էն պահին, օր ինքը կանցներ մոտիցս, թևից բռնեցի: Կարող է՝ արածս անշնորհքություն էր, բայց տան հարց կար, ու ես պ.Աբրահամյանից խնդրեցի մեզ աջակցել: Ինքն էլ թե տիկին, կարող է՝ ճիշտ չեք ասում, մեզ պ.Ղուկասյանն ասել է, որ Գյումրիում նմանատիպ բոլոր հարցերը լուծված են: Քիչ մնաց գետինը մտնեի, փաստն էն էր, օր ես տուն չունեի, բայց մարդիկ կկասկածեին իմ ըսածներիս վրա»:
Այդ ժամանակ Լուսինեն հղի է եղել: Գիտեր, որ երկվորյակներ են ծնվելու: Այդ մասին հայտնել է Հովիկ Աբրահամյանին, վերջինս էլ հայտարարել է, որ կանի ամեն ինչ, որ երկվորյակները ծննդատնից ոչ թե վարձով, այլ իրենց սեփական տունը տեղափոխվեն: «Բայց դե երեխաներից մեկը մահացած ծնվեց, մյուսը 10 օր հետո մահացավ: Հովիկ Աբրահամյանն էլ հիմա իր պաշտոնում չէ, ու խոստումն էդպես էլ խոստում մնաց: Մեր միակ հույսը երկրի նախագահն է: Պատրաստ ենք կրկին նամակով դիմելու, բայց բացարձակ վստահ չենք, թե գրածներս իրան կհասնի»,-ասում է Լուսինեն:
![]() |
![]() |
17-ամյա Հասմիկը | 3 տարեկան Իրինան |
Արտյոմն ու Լուսինեն իրենց խիստ ծնողներ չեն համարում: Քիչ են պատժում, ծայրահեղ դեպքում մի կարճ ժամանակով անկյուն են կանգնեցնում չարության հեղինակին: Տանը հեռուստացույց չունեն: Արտյոմի կարծիքով, այդ «արկղը» պարզապես խաթարում է երեխաների ներաշխարհը, անգամ մուլտֆիլմերն ագրեսիա են պարունակում: «Իսկ լուրեր լսելու ցանկություն չե՞ք ունենում»,- հարցնում եմ Արտյոմին: «Լուրե՞ր,- Արտյոմը ծիծաղում է:- Մե կես ժամով դուրս արի հայաթ, ահան քեզի լուր: Դե, մենք հո մեկուսացված չենք, հարևանների հետ կշփվինք, ընկեր, հարազատ-բարեկամ գուկան կերթան կշփվինք, էդ քու ըսածդ լուրերը սաղ կիմանանք, ինչ կարիք կա, օր հեռուստացույց նայենք»:
Խնդիրները շատ են, սակայն Գևորգյանները ձգտում են, որ երեխաները գոնե միջնակարգ կրթություն ստանան: «Շատ լավ կսորվին երեխեքս, բայց ես հըմի ուզեմ չուզեմ Մանուշակիս ու Լիաննայիս պիտի 9-րդ դասարանից հանեմ տունը նստցնեմ: Բարձրագուն կրթության տալը երազանք է: Հասմիկս կարի մեքենա գուզե, օր առնինք իրա կար ու ձևն էնե, ես լվացքի մեքենա չունիմ: Դե, տան խնդիրը կա ու կա: Նոր տարուն մարզպետարանի երեխաների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը հրավիրել էր, որ նվերներ տար, Մելինեին հարցրեց, թե ինչ գուզեիր, օր Ձմեռ պապին բերեր, երեխես տուն ուզեց: Դա մեր բոլորիս ամենամեծ ու նվիրական երազանքն է»,- ասում է Լուսինեն:
Մեկնաբանություններ (13)
Մեկնաբանել