HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Փյունիկը» ջախջախեց «Դյուդելանժին» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ

Չեմպիոնների լիգայի (ՉԼ) որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 4։1 հաշվով պարտության մատնեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ։ Թիմերի միջև Երևանում կայացած առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել էր «Դյուդելանժը»։ Սա պատմական արդյունք է հայկական ակումբային ֆուտբոլի համար․ առաջին դեպքն է, որ Հայաստանը ներկայացնող ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ է դուրս գալիս։ 

Առաջին խաղակեսը մեկնարկեց Հայաստանի չեմպիոնի մեծ առավելությամբ, և առաջին 10 րոպեներին ամբողջությամբ վերահսկում էր խաղը։ 9-րդ րոպեին «Փյունիկն» արդեն կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, սակայն նպաստավոր դիրքում հայտնված Յուսուֆ Օտուբանջոն չկարողացավ արդյունավետ հարված կատարել։ Այս դրվագից հետո «Դյուդելանժը» արթնացավ և արագ հակագրոհների արդյունքում սկսեց լրջորեն սպառնալ «Փյունիկի» դարպասին։ 21-րդ րոպեին «Փյունիկի» պաշտպանների անփույթ խաղի պատճառով դաշտի տերերը բացեցին հաշիվը, աչքի ընկավ Մոհսին Հասանը։ Սակայն Լյուքսեմբուրգի չեմպիոնի ուրախությունը կարճ տևեց, որովհետև 3 րոպե անց տուգանայինի խաղարկման արդյունքում «Փյունիկի» պաշտպան Ժունինյոն գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը։ Առաջին կեսում այլևս գոլեր չգրանցվեցին և թիմերը գնացին ընդմիջման։

Երկրորդ խաղակեսը հաջող մեկնարկեց «Փյունիկի» համար, քանի որ 54-րդ րոպեին փոխարինման մտած Լուկա Յուրիչիչն արդեն Հայաստանի չեմպիոնին առաջ մղեց։ Այս գոլից հետո գնդակին ավելի շատ տիրում էր «Դյուդելանժը», սակայն մեր թիմի խաղացողները հաջողությամբ հետ էին մղում դաշտի տերերի բոլոր գրոհները։ Չնայած այս ամենին՝ 76-րդ րոպեին «Փյունիկը» ևս մեկ գնդակ խփեց, և դիմակայության առավելությունն արդեն անցավ մեր թիմի կողմը։ Դաշտի տերերի պաշտպանը հետ փոխանցում կատարեց, գնդակին ավելի շուտ հասավ «Փյունիկի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն և խփեց իր թիմի երրորդ գնդակը։ 85-րդ րոպեին դաշտի տերերը ևս մեկ նվեր մատուցեցին «Փյունիկին»․ «Դյուդելանժի» դարպասապահի կոպիտ սխալի արդյունքում Լուկա Յուրիչիչը հայտնվեց դատարակ դարպասների առաջ և խփեց իր երկրորդ գոլը՝ դնելով հանդիպման վերջակետը։

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» դեմ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 3-ին Բելգրադում: Հիշեցնենք, որ ՉԼ որակավորման առաջին փուլում «Փյունիկը» պայքարից դուրս էր թողել Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»։

Հարկ է նշել նաև, որ «Դյուդելանժի» արգելքը հաղթահարելու շնորհիվ «Փյունիկը» ապահովել է իր մասնակացությունն առնվազն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին։ ՉԼ երրորդ փուից դուրս մնալու դեպքում «Փյունիկը» կխաղա Եվրոպա լիգայի փլեյ-օֆ փուլում, որտեղ ևս պարտվելու դեպքում ինքնաբերաբար կհայտվնի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter