HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Լավ, հաջողված օրինակը կարող է վարակիչ լինել, որ մարդիկ չլքեն ծննդավայրը»

Երբ տարիներ առաջ որոշեց գնել քարքարոտ այդ հողակտորը, մտերիմները հակառակ խորհուրդն էին տալիս՝ նշելով, թե հողի միջոցով անտեղի կապվելու է գյուղի հետ, դրա փոխարեն կարող է մայրաքաղաքում կարերիա անել:

Համառ էր՝ չլսեց, գնեց, ծնողների հետ մաքրեցին, տարածքը պատրաստեցին մշակման, իսկ թե ինչ պիտի աճեցնեին՝ անորոշ էր: Ախուրյան խոշորացված համայնքի Արեւիկ բնակավայրում ելակի ջերմոց հիմնելու գաղափարը 35-ամյա, մասնագիտությամբ տնտեսագետ Գրիգոր Ավետիսյանի մոտ ավելի ուշ ծագեց: 

«Ես Արեւիկում եմ ծնվել ու մեծացել, անչափ սիրում եմ իմ հողն ու ջուրը: 17 տարեկանից՝ բուհում սովորելուն զուգահեռ, գյուղատնտեսությամբ եմ զբաղվել՝ ցորեն եմ ցանել, կարտոֆիլի մշակությամբ եմ զբաղվել, ու այդ ամենը` ոչ փոքր ծավալով: Ես էն մարդկանցից եմ, որոնց արմատները խորն են լինում սեփական ծննդավայրում ու դժվար են պոկվում,-նկատում է Գրիգորը,-վերջին տարիներին, իհարկե, մեծամասշտամբ մշակություն չէինք անում, միայն տան կարիքների համար, սակայն ինձ հանգիստ չէր տալիս որեւէ բարձրարժեք մշակաբույսի աճեցմամբ զբաղվելու միտքը: Մի քանի տարի առաջ, մտերիմ ընկերոջս հետ Երեւանից գալիս տարբեր ծրագրեր էինք քննարկում, ես ասի, թե երազում եմ մեծ, փայլուն, էկո ելակ աճեցնելու մասին: Եվ հիմա կարող եմ ասել, որ «Վախեցեք ձեր մտքերից, դրանք իրականանալու հատկություն ունեն» արտահայտությունն, իրոք, գործում է»:

1200 քմ հողատարածքից 420 քմ-ի վրա ջերմոցի կառուցման ծրագիրն իրականություն դարձավ, երբ 2020թ.-ին Ավստրիական զարգացման գործակալության եւ Եվրամիության ֆինանսավորմամբ  հայտարարած դրամաշնորհին մասնակցությունը պսակվեց հաջողությամբ: Գրիգորի հայտը ֆինանասավորվեց 15 հազար եվրոյի չափով: Այս տարի տնկեցին «Ալբիոն» եւ «Մալագա» տեսակի ելակի առաջին սածիլները: Առաջին բերքահավաքը հունիսի 1-ին էր: 

«Երկու ամիս է, որ զբաղվում ենք բերքի իրացմամբ, երեք օրը մեկ 10 կգ ենք հավաքում: Նույն ցանցի երկու սուպերմարկետի հետ եմ խոսել Գյումրիում, առայժ իրենց ենք կարողանում մատակարարել, որովհետեւ մեծ քանակ դեռ չենք կարողանում ապահովել,-բացատրում է Գրիգորը,-գինը սովորական, մեր բանջարանոցային ելակի համեմատ, իհարկե, թանկ է: Խանութում վաճառում են կգ-ը 3.500 դրամով: Հասկանալի է, որ որոշակի սոցիալական շերտերի համար գինը բարձր է: Նաեւ պիտի հասկանանք, որ հատապտուղն, իրոք, բարձրարժեք է, մշակության առումով այլ մոտեցումներ են պետք: Տեսեք, եթե որեւէ թփի հետ խնդիր է լինում, մենք ուղղակի հանում թափում ենք, որ մյուսները չվարակվեն: Սա նշանակում է, որ ժամանակ է պետք դրանց տեղը այլ սածիլների հաշվին լրացնելու: Եթե դու 10 թուփ հեռացրեցիր, դրա հաշվարկով բերք չես ունենալու»:

Գրիգորի նորաստեղծ ջերմոցի աշխատակիցներն ընտանիքի անդամներն են: Կինը՝ Ժաննան ամեն ինչում ամուր թիկունք է ամուսնուն, հավանություն է տալիս նրա բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին: «Իհարկե, առանց քննարկման ոչինչ չի լինում,-Ժաննան ծիծաղում է,-անպայման խոսում ենք, փորձում ենք հասկանալ ճիշտն ու սխալը: Եվ ես չեմ հիշում դեպք, որ ամուսնուս որեւէ որոշման կամ ծրագրի դեմ արտահայտված լինեմ: Ասել եմ՝ արա, քո կողքին եմ: Դրան զուգահեռ ես էլ եմ աշխատում մտքեր տալ: Էս նոր տեսակի ելակից արդեն մուրաբա ենք սարքել, սկեսուրս՝ չիր: Գուցե հետագայում կարողանանք նաեւ չիր առաջարկել վաճառքի համար»:

Ընտանեկան ալբոմից սեւ-սպիտակ մի լուսանկար են ցույց տալիս, որտեղ դաստիարակչուհին է ու մի խումբ փոքրիկներ: Գյուղական մանկապարտեզի 4-5 տարեկան սաներն են, նրանց շարքում են Գրիգորն ու Ժաննան: «Չլինի՞ մանկապարտեզից էիք սիրահարված»,-հարցնում եմ կատակով: «Չէ, դպրոցից,-Գրիգորը ժպտում է,-մանկապարտեզում խելքներս ի՞նչ պիտի հասներ, որ սիրահարվեինք: Դպրոցում արդեն ընկերություն արեցինք, դե հետո էլ ամուսնացանք: Ու տարիների հետ համոզվում եմ, որ շատ ճիշտ ընտրություն եմ արել»:

Ավետիսյանները երկու զավակ ունեն՝ 9-ամյա Ալեքսն ու 5-ամյա Ամալյան: Զավակների ապագան կկապվի՞, արդյոք, ծննդավայրի հետ, Գրիգորը դժվարանում է ասել, սակայն վստահ է, որ իրենք լավ օրինակ են երեխաների համար: 

«Օրինակով ինչ-որ բան փոխելն ավելի հեշտ է, քան՝ ուղղակի խոսելով: Որ, ասենք, հորդորում են, թե՝ սա արեք, նա արեք, գնացեք գյուղը զարգացրեք եւ այլն, դրա փոխարեն պետք է հաջողության օրինակներ ցույց տալ: Էդ հաջողության բանաձեւն էլ այնպես պետք է ներկայացվի, որ կողքի լսողը չմտածի, թե մենակ էդ մարդուն էր հասանելի, ինքը չի կարողանա,-նկատում է զրուցակիցս,-մենք որ ջերմոցը սարքեցինք պրծանք, գյուղից ահագին մարդ եկավ, տեսավ, հետաքրքրվեց: Կային, որ աշխատատեղ էին ուզում, կային, որ հենց ծրագիրը գրելու, դիմելու ձեւերով էին հետաքրքրված: Մարդը մտածում է՝ տես, Գրիգորը կարող էր Երեւան գնալ, բայց մնացել է գյուղում, հողի հետ գործ է անում, ինքը կարող է, ուրեմն ես էլ կարող եմ»:

Գրիգորի կարծիքով՝ բնական է, որ նոր գործ սկսելիս մարդն ունենա կասկածներ, վախեր, անվստահություն, բայց դրանք պետք է մի կողմ դնի, այլապես երկար ճանապարհ չի գնա: Ինքը, ձեռնամուխ լինելով էկո ելակի աճեցման ծրագրին, շատ լավ էր հասկանում, որ նախ՝ պետք է գնահատի ռիսկերը, մրցակցության չափը, քանի որ մարզում, Արթիկ քաղաքի մերձակա մի քանի հեկտարի վրա հիդրոպոնիկ եղանակով ելակ են աճեցնում: 

«Պետք է անել ռեալ հաշվարկ ռիսկերի մասով, հետո՝ հասկանալ, թե եկամտի պահով ինչ ակնկալիքներ ունենալ սկզբի համար, որ չհիասթափվես, ամենակարեւորը՝ չկասկածես ուժերիդ, որովհետեւ, երբ մարդը սկսում է կասկածել իր ուժերին կամ սկսածի հաջողությանը, հենց սկզբից հրաժարվում է կամ՝ ձախողում սկսածը: Պետք է ուսումնասիրել ուրիշների փորձը: Ջերմոցի նմանատիպ մոդելի ուսումնասիրության համար հասել եմ Մասիս, որտեղ ծրագիրը տապալվել էր ջրի մեջ աղի բարձր պարունակության պատճառով: Եղել եմ Արթիկի ելակի ջերմոցներում եւ վերջում համոզվեցի, որ ճիշտ ճանապարհին եմ»,-նշում է Գրիգորը: 

Արեւիկում հիմնված ելակի առաջին ջերմոցն ունի սոցիալական բաղադրիչ: Գրիգորը ներկայացված ծրագրում նշել է, որ պարտավորվում է մեկ ընտանիքի համար, իր եկամուտների հաշվին, 20 քմ տարածքի վրա կառուցել ջերմոց, օգնել սածիլներով: Համոզված է, որ հաջողության դեպքում տվյալ ընտանիքը կփորձի գումարներ ներգրավել եւ ջերմոցն ընդարձակել: Սա ոգեւորիչ կլինի նաեւ մյուսների համար: «Եթե մարդը տեսավ, որ իր ջերմոցի լոբին կլինի մեկ ամիս շուտ ու ինքը կարող է ավելի թանկ վաճառել, մեծ է հավանականությունը, որ ջերմոցն ընդարձակի: Լավ, հաջողված օրինակը կարող է վարակիչ լինել, որ մարդիկ չլքեն ծննդավայրը»,-համոզվածէ  Գրիգորը:

Անձամբ ինքը մտադիր է ընդարձակել ջերմոցն ու զբաղվել ագրոտուրիզմով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter