HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պետական տուրք՝ օնլայն տաքսիների համար. նախագիծ

Կառավարությունն առաջարկում է օնլայն տաքսիների համար պետական տուրք սահմանել: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած նախագծով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ է առաջարկվում՝ օրենքով ավելացնելով էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն հասկացությունը:

Նշվում է, որ թեթև մարդատար մեքենաներով, էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով իրականացվող ուղևորների յուրաքանչյուր փոխադրման համար գանձվելու է բազային տուրքի 0.1-ապատիկի չափով գումար՝ 100 դրամ:

Նշվում է, որ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն կարող են իրականացնել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի պահանջներին համապատասխան ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնակատերերը։

Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնից ստանալ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք:

Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը լիազոր մարմնին և պետական եկամուտների ոլորտի լիազոր մարմնին առցանց տրամադրում են հասանելիություն ձևակերպված պատվերների մասով իրենց տվյալների բազային՝ ապահովելով անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջները: Տվյալների բազային հասանելիության ընթացակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտի որևէ կարգավորում առկա չէ։ 

«Բազմաթիվ վարորդներ իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով իրականացնում են ուղևորափոխադրումներ, որոնք չեն վերահսկվում և չեն հարկվում։ Էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի անօրինական ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով և փոխանցելով անհատ վարորդներին։ Ոլորտում գործունեություն իրականացնողների վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ օրենսդրական կարգավորումների բացակայության պատճառով։ Ստեղծվել են անհավասար մրցակցային պայմաններ ուղևորափոխադրումների ոլորտում գործունեություն իրականացնողների համար, ինչը նպաստում է անօրինական փոխադրումների կազմակերպմանը: Արդյունքում տուժում են օրինական դաշտում աշխատող փոխադրողները»,-նշվում է հիմնավորման մեջ:

Նախագիծն այսօր է դրվել շրջանառության մեջ: Նշենք, որ այն նախ պետք է կառավարության հավանությանն արժանանա, որից հետո ուղարկվի խորհրդարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter