HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյան և այլք։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ՄԱԿ գործընկերությանը, ընդգծել 2030թ. օրակարգի համատեքստում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը։

Հայաստանի փոխվարչապետն ու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը կարևորել են տարածաշրջանում խաղաղության, անվտանգության պահպանումը և մարդու իրավունքների գերակայությունը։ Ըստ կառավարության հաղորդագրության՝ Աբդուլլա Շահիդը ողջունել է Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում փոխվարչապետն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում հումանիտար կարիքների լուծման հարցում ՄԱԿ-ի ներգրավվածության անհրաժեշտությանը, այնուհետև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, այդ համատեքստում ընդգծելով, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, որը մնում է միակ միջազգայնորեն լիազորված միջնորդական ձևաչափը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter