
Դատավոր Նաիրա Հովսեփյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ
Դատավորների ընդհանուր ժողովը Նաիրա Հովսեփյանին ընտրեց որպես Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ: Հովսեփյանը ստացել է 84 դատավորի ձայն: Թեկնածուներից Գայանե Մազմանյանը ստացել է 46, Անահիտ Թումանյանը՝ 15, Լիլիթ Խաչատրյանը՝ 5 ձայն։ Եղել են նաև անվավեր թերթիկներ:
Նշենք, որ այսօր հրավիրված ժողովին ի սկզբանե գրանցվել էր 146 դատավոր, հայտարարված ընդմիջումից հետո ժողովին մասնակցելու եկան նաև այլ դատավորներ:
Ընտրված դատավոր Նաիրա Հովսեփյանը 1991 թվականից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս է։ 1996 թվականին նշանակվել է Էրեբունի շրջանային ժողդատարանի դատավոր։ 1999 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2017 թվականի դեկտեմբերից պաշտոնավարում է որպես Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Բարձրագույն դատական խորհրդում դատավոր անդամի թափուր հաստիք էր առաջացել, քանի որ ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվել են: Հովսեփյանի ընտրությամբ ԲԴԽ-ում դատավոր անդամների տեղերը լրանում են, սակայն Խորհրդում գիտնական անդամի երկու թափուր տեղ կա, որոնք պետք է ընտրվեն Ազգային ժողովի կողմից:
Մեկնաբանել