Նոր ստորաբաժանում՝ Քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում
Քննչական կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանի հրամանով կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ստեղծվել է խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն: Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն։
Նոր ստորաբաժանման ձևավորումը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով՝ խոշտանգումների, ինչպես նաև ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ և 549-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեին վերապահված լինելու հանգամանքով:
«Ներկա պահին ՀՀ քննչական կոմիտեում իրականացվում են նորակազմ վարչության համալրման և վերջինիս գործունեությունը պատշաճ կերպով կազմակերպելուն ուղղված աշխատանքներ: Խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների դեպքերով՝ տարբեր ստորաբաժանումներում գտնվող քրեական վարույթները ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ սահմանված ժամկետում կենտրոնացվելու են նոր ստեղծված վարչությունում»,- հայտնում են ՔԿ-ից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել