HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ալյումինե տարաների պակասից է, համերը նույնն են. Yan-ն ու «Ջերմուկ գրուպը» պարզաբանում են

Օրերս սոցիալական ցանցերում տեսանյութեր տարածվեցին, որտեղ «Սիս Նատուրալ» ընկերության Yan հյութերի ու «Ջերմուկ Գրուպ» ընկերության Boom թեյերի պիտակների տակից այլ ընկերության տարաներ էին երևում։

Մաքսային միության ՏԿ 022/2011 («Սննդամթերքը՝ դրա մակնշման մասով») և ՄՄ ՏԿ 021/2011 («Սննդամթերքի անվտանգության մասին»)  տեխկանոնակարգը «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը սահմանում է սննդամթերքի փաթեթավորմանը ներկայացվող պահանջներ, որով արգելվում է փոփոխել շուկայահանված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի պիտակի վրա զետեղված տեղեկությունները: 

Yan հյութերը վաճառվում էին ռուսական «Լագունա» ընկերության «Золотые финики» ապրանքանիշի տարաներով։ «Սիս Նատուրալ» ընկերության որակի մենեջեր Ռուզաննա Նավասարդյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ պատճառը հյութերի ալյումինե տարաների մեծ սղությունն է եղել.

«Մեզ առաջարկել էին տարաներ, որոնք արդեն իսկ տպագրված էին, Ռուսաստանից էինք դրանք բերում։ Այդ իսկ պատճառով, քանի որ չունեինք, և մեզ պետք էր, պահանջարկը կար, ի՞նչ ենք արել. վրայից հատուկ թաղանթ ենք ամրացրել և կպցրել ենք մեր պիտակը։ Տարայի մեջ եղել է այն հյութը, որը պիտակի վրա երևում է։ Եթե վրան գրված է «բալ», բալի հյութ է, «խնձոր»՝ խնձորի հյութ է»,- ասաց Ռ. Նավասարդյանը։

Բայց հիմա ստիպված հետ են կանչել խմբաքանակը, որը պետք է ոչնչացնեն. «Կոնկրետ թիվ չեմ կարող ասել, բայց բավականին մեծ կորուստ է ընկերության համար»,- ասաց մենեջերը։

Նրա խոսքով՝ երբ ապրանքի վաճառքը թափ ստացավ, սկզբում կորոնավիրուսի համավարակի, ապա՝ պատերազմի ժամանակ տարաների սակավության խնդիրն ի հայտ եկավ։

«Սա միայն մեզ մոտ չէ. Հայաստանում շատերը, ովքեր որ ալյումինե տարաները լցնում են, իրենց մոտ էլ է նույն խնդիրը, նույն դեֆիցիտը»,- ասաց նա՝ նշելով, որ ապրանքը միառժամանակ չեն թողարկի, մինչև նոր տարաներ բերելը։

Նույն խնդիրն է եղել նաև «Ջերմուկ Գրուպ» ընկերության «Boom» թեյերի դեպքում, որոնք արդեն վաճառվել են վրացական «Cherry Boom» ալյումինե տարաներով։

Ընկերության վաճառքի տնօրեն Արտաշես Պետրոսյանը «Հետք»-ի հետ զրույցում նույնպես նշեց, որ համերի տարբերություն չկա. ինչ պիտակ եղել է, այդ համի թեյեր են եղել.

«Տարաների մատակարարման հետ խնդիր է եղել, գովազդել ենք թեյի պիտակով, շշալցել ենք թեյ։ Մեզ էլ հաճելի չէ այս աղմուկն ու ստեղծված իրավիճակը,- ասաց նա՝ նշելով, որ արդեն նոր տարաներ են պատվիրել:- Ժամանակավոր լուծում ենք գտել, որպեսզի ապրանքը կարողանանք խանութներ մատակարարել»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter