HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՎԾ-ն 8.5 մլրդ դրամի խախտում է բացահայտել Երեւանի քաղաքապետարանում

Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է Երևանի քաղաքապետարանում իրականացրած ուսումնասիրության արդյունքները։ Ուսումնասիրությունն ընդգրկել է 2018-2022 թվականները։

Ըստ ՊՎԾ-ի՝ հայտնաբերվել են 8.5 մլրդ ՀՀ դրամի խախտումներ, որոնք հիմնականում առնչվում են պետական բյուջեից համայնքին տրամադրված դոտացիաների հաշվարկման հիմքերին, Երևան քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, ճանապարհաշինարարական, բարեկարգման և դիզայներական ձևավորման աշխատանքների ծրագրերին,  քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Էլեկտրատրանսպորտ», «Երքաղլույս» և «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունների գործունեությանը, քաղաքապետարանի աշխատակիցներին ծառայողական նպատակներով բենզինի տրամադրման գործընթացին, արտասահմանյան գործուղումների ծախսերին, ինչպես նաև գնումների գործընթացը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին և հանրակրթական ծրագրին:

ՊՎԾ-ն ներկայացրել է բացահայտված «առավել ուշագրավ և մեծածավալ խախտումները».

  • պետական բյուջեից Երևանի քաղաքապետարանին տրամադրվող դոտացիայի հաշվարկման հիմք հանդիսացող տեղեկատվությունը՝ գույքահարկի և հողի հարկի բազային տվյալները պակաս են ներկայացվել շուրջ 7.1 միլիարդ ՀՀ դրամի չափով,
  • ավելի քան 5 հազար փոխադրամիջոց չի հաշվառվել համապատասխան բազաներում, կամ անհիմն ներկայացվել է որպես օտարված, ինչի արդյունքում չի հավաքագրվել շուրջ 331 միլիոն ՀՀ դրամ գույքահարկի գումար, իսկ շուրջ 8 տասնյակ ավտոմեքենաներ օտարվել են առանց 4.3 միլիոն ՀՀ դրամ գույքահարկի պարտավորությունը մարելու, 
  • թվով 634 փոխադրամիջոց օտարվել է հարկադիր աճուրդի կամ բռնագանձման շրջանակներում, իսկ դրանց մասով առկա 124.6 միլիոն ՀՀ դրամի գույքահարկի պարտավորությունը գանձելու ուղղությամբ քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել,
  • փողոցների և ճանապարհների նորոգման, ճաքալցման, բարեկարգման, աշխատանքների շրջանակներում արձանագրվել են շուրջ 542,7 միլիոն ՀՀ դրամի ոչ նպատակային օգտագործման և չկատարված աշխատանքների դիմաց վճարման դեպքեր, իսկ այդ աշխատանքների արդյունքում գոյացած՝ մոտ 288.6 միլիոն ՀՀ դրամի ասֆալտի տաշվածք կապալառու կազմակերպությունների կողմից չի տրամադրվել Երևան քաղաքի վարչական շրջաններին, ինչը սահմանված է եղել պայմանագրով,
  • հանրակրթական ուսուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (ներառական) կրթության և նախադպրոցական կրթության գծով հատկացվել է 90.4 միլիոն ՀՀ դրամ ավել ֆինանսավորում և այլն :

Երևանի քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել և ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու նպատակով:

ՊՎԾ հաղորդմամբ, զուգահեռաբար մշտադիտարկվում են 2011-2018թթ. շինարարության թույլտվությունների տրամադրման և ուղղակի վաճառքի եղանակով հողամասերի օտարման գործընթացները, որոնց արդյունքում այս պահի դրությամբ հայտնաբերվել են շուրջ 7.3 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ: Դրանք հիմնականում առնչվում են սահմանված ժամկետում շինարարությունը չավարտելու հետ կախված՝ վարչական տուգանքներ չկիրառելու դեպքերին, որոնց ընդհանուր չափը կազմում է մոտ 6.2 միլիարդ ՀՀ դրամ: Բացահայտված առանձին խախտումների դեպքերով 5 նյութեր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա արդեն իսկ հարուցվել են թվով 3 քրեական գործեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter