HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանցիների կրակոցներից վնասվել է Կարմիր Շուկայի տներից մեկի պատուհանը

Հուլիսի 28-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակոցներ են արձակել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Գեղամ Ստեփանյանը, կրակոցները տևել են շուրջ 20 րոպե, որի հետևանքով փափուշտները թափվել են համայնքների բնակելի հատվածներում։

Առկա տեղեկությունների համաձայն՝ խոցվել է Կարմիր Շուկա համայնքի բնակիչներից մեկին պատկանող տան պատուհանը, նույն տան բակում հայտաբերվել է հրաձգային զինատեսակի 8 գնդակ։

Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

«Ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքագիծը նպատակ ունի խաթարելու բնականոն կյանքն Արցախի համայնքներում և ահաբեկելու քաղաքացիական բնակչությանը։ Այս վարքագիծը ցուցադրում է, որ ադրբեջանական ղեկավարությունը շարունակում է վարել Արցախի ժողովրդի նկատմամբ ատելության, հոգեբանական ու ֆիզիկական բռնության կիրառման, Արցախի էթնիկ զտման քաղաքականություն։

Արցախի ժողովրդի իրավունքների դիտավորյալ խախտումների հանգեցնող գործողությունների նույնիսկ կարճատև դադարները և կեղծ խաղաղասիրության դրսևորումներն Ադրբեջանի կողմից ներկայացվող բեմադրության տակտիկական մաս են և միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակադրված ու շինծու վարքագիծ։

Միջնորդների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Արցախում տեղակայված խաղաղապահների համար առավել քան հստակ պետք է լինեն ադրբեջանական կողմի իրական նպատակներն ու ձգտումները և ըստ այդմ միջազգային հանրության աչքին թոզ փչելու ադրբեջանական ցանկացած գործողություն պետք է ստանա իրական գնահատական և հակազդեցություն։

Ադրբեջանական իշխանությունների հանցավոր վարքագիծը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր որևէ փոփոխության չի ենթարկվել ու շարունակում է հետապնդել նույն հայատյաց ու ցեղասպան նպատակները»,- նշել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter