HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավետիք Չալաբյան․ «Իշխանությունները փորձելու են շարունակել իմ և ընտանիքիս անդամների դեմ սկսած արշավը»

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, որը հուլիսի 27-ին ազատվել է կալանավայրից, ֆեյսբուք իր էջում գրառում է կատարել, որում ասվում է հետևյալը․

«Թերևս շատերդ գիտեք, որ վերջին երկու և կես ամիսների ընթացքում, ես ապօրինի կերպով ազատազրկված էի գործող իշխանության և նրա կամակատարների կողմից, և հարկադրված էի դադարեցնել ձեր բոլորի հետ իմ ամենօրյա հաղորդակցությունը։ Փակ ռեժիմով կալանավայրի պայմաններում, արտաքին աշխարհի հետ միակ կապը հնարավոր էր իրականացնել փաստաբանների միջոցով, և ես փորձել եմ ըստ հնարավորի, օգտվելով նրանց անգնահատելի աջակցությունից, ձեր դատին հասցնել իմ մտորումները մեր երկրի և նրա հետ տեղի ունեցող իրադարձությունների մասին, և դրանով շարունակել ձեր հետ կապը։

Երեկ կալանավորման նախկին ժամկետը ավարտվեց, դատարանը պարզապես չհասցրեց այն երկարաձգելու մասին նոր որոշում ընդունել, և ես Աստծո կամոք և զորությամբ, ես հայտնվեցի ազատության մեջ։ Սա բոլորովին էլ պայքարի վերջը չի, գործող իշխանությունները փորձելու են շարունակել իմ և ընտանիքիս անդամների դեմ սկսած իրենց արշավը, սակայն անցած ամիսները ցույց տվեցին, որ ինչ էլ նրանք փորձեն ձեռնարկել, Աստծո զորությամբ և մեզ շրջապատող բազմաթիվ ազնիվ և նվիրյալ մարդկանց հետևողական դիմադրության միջոցով այն ձախողվելու է, և արդարությունը ի վերջո հաղթանակ կտանի։

Ես այսօր, լինելով ազատության մեջ, ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն մարդկանց, որ այս դժվար պահին կանգնեցին իմ և ընտանիքիս կողքին՝ բազմաթիվ հանրային գործիչներին և կազմակերպություններին, որոնք իրենց ձայնը բարձրացրին ի պաշտպանություն մեզ, Արցախի աշխարհիկ և հոգևոր իշխանություններին, որոնք հանդես եկան իմ սկզբունքային պաշտպանությամբ, լրագրողական համայնքին, որն իր  անդուլ աշխատանքով մեծ հանրային հնչեղություն ապահովեց այս գործին, մեր բազմաթիվ համախոհներին և գործընկերներին, որոնք իրենց իրական աջակցությամբ, ուժ և կորով տվեցին մեզ՝ դիմագրավելու դժվարություններին և պայքարելու արդարության վերականգման համար։

Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել իմ պաշտպանական և հանրային հաղորդակցության թիմերին, որոնք ամենօրյա ռեժիմով հսկայական աշխատանք կատարեցին այս ընթացքում, և դրանով իրական խոչընդոտներ ստեղծեցին ռեժիմի ռեպրեսիվ մեքենայի համար՝ շարունակելու իմ ապօրինի ազատազրկումը, և իմ խոնարհումն եմ բերում ընտանիքիս բոլոր անդամներին, որոնք իրենց վրա տարան ամենամեծ հարվածի ծանրությունը։

Պայքարը շարունակվում է, և այն պայքար է ազատ, ինքնիշխան և հզոր հայրենիք, արդար հասարակարգ, անվտանգ և բարեկեցիկ ապագա ունենալու համար։ Եթե այդ պայքարի արդյունքում ես նորից հարկադրված լինեմ ընդհատել ձեր հետ հաղորդակցությունը, խնդրում եմ ներողամիտ եղեք, այլապես, ես էլ բոլորիդ հետ հույսով և հավատով եմ նայում դեպի մեր ապագան, և խոստանում եմ անել հնարավոր ամենը, որպեսզի մեր հավաքական իղձերը իրականություն դառնան։ Աստված պահապան բոլորիս»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter