HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահին

Հուլիսի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ, Մալդիվների Հանրապետության արտգործնախարար Աբդուլա Շահիդի հետ։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Կարևորվել է ՄԱԿ-ի և Հայաստանի միջև Կայուն զարգացման նպատակների իրագործման ուղղությամբ իրականացվող համագործակցությունը։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի հետ համագործակցության Հայաստանի առաջնահերթություններից է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղումը, որը ներառում է նաև ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության պաշտպանությունը։ Հավելվել է, որ Հայաստանը առանձնահատուկ կարևորում է ՄԱԿ-ի վաղ նախազգուշացման կարողությունների ամրապնդման և ոճրագործությունների կանխարգելման համապատասխան մեխանիզմների կատարելագործումը:

Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում կողմերը նաև կարևորել են որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավվածության ապահովումը և գոհունակություն հայտնել հուլիսի 24-ը կին դիվանագետների օր ճանաչելու Մալդիվների նախաձեռնության կապակցությամբ, ինչի վերաբերյալ բանաձևի համահեղինակ է Հայաստանը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության հարցերի:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծման, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը և շեշտել ՄԱԿ համապատասխան կառույցների՝ տեղում անարգել ներգրավվածության հրամայականը։

Ինչպես ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում, Նախարար Միրզոյանը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու Հայաստանի հանձնառությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ նշելով, որ այն միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, որի շրջանակներում կարող են հասցեագրվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության հարցերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter