HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արսեն Գասպարյանն ընտրվեց ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում

ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Գասպարյանը:

ԳԱԱ լրատվականի փոխանցմամբ՝ ընտրությունը տեղի ունեցավ հուլիսի 29-ին՝ ԳԱԱ նախագահության նիստում: Արսեն Գասպարյանը Բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել 2022թ-ի հունվարի վերջին:

Արսեն Գասպարյանը ներկայացրեց վեց ամսվա ընթացքում Բուսաբանության ինստիտուտում կատարած աշխատանքները: Նա նշեց, որ վերանորոգվել է Հնէաբուսաբանության թանգարանի ֆասադային հատվածը, նորոգվել է Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի տարածքը: Մեկնարկել են Արմեն Թախտաջյանի կիսանդրու պատրաստման և տեղադրման աշխատանքները: Մեկնարկել է թափոնների տեսակավորման գործընթացը. տեղադրվում են թափոնամաններ: Ստեղծվել է բուսաբանական արահետ՝ կահավորված անհրաժեշտ ցուցանակներով: Մեկնարկել է նոր փայտե կառուցվածքներով խաղահրապարակի ստեղծման ծրագիրը: «ԲՈՒՆ» հեռուստաընկերության հետ համատեղ ստեղծվում է բույսերի մասին պատմող հաղորդաշար: Հերբարիումում տեղադրվել է հակահրդեհային համակարգ: Ստեղծվել են արագ արձագանքման խումբ և տարհանման պլաններ: Իրականացվում են էկոկրթական միջոցառումներ, էքսկուրսիաներ: Բուսաբանության ինստիտուտը ներգրավվել է «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման, Քաղաքային կանաչ ենթակառուցվածքների կառավարում կլիմայի փոփոխության ակնկալվող մարտահրավերների շրջանակում քաղաքապետարանների կարողությունների զարգացման ծրագրերում:

Արսեն Գասպարյանը նշեց, որ նախատեսվում է Երևանի բուսաբանական այգու սահմանների ճշգրտում, ինստիտուտի գիտաշխատողների տպագրությունների ավելացում Scopus/Web of Science շտեմարաններում, երիտասարդ գիտնականների համար ծրագրերի և միջոցառումների իրականացում, նոր լաբորատորիաների հիմնում և սարքավորումներով լաբորատորիաների վերազինում: Բնապահպանական ծրագրերից և ծառայություններից  նախատեսվում է Ex-situ պահպանություն, վտանգված տեսակների վերաբնակեցում, կենսաբազմազանության մոնիթորինգ, տնկարանային և ջերմոցային տնտեսության վերականգնում, կանաչապատում և բույսերի վաճառք, խորհրդատվական ծառայությունների մատուցում: 

Արսեն Գասպարյանը ծնվել է 1983թ-ին՝ Երևանում: 2001-2003թթ-ին անցել է     պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում: Սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում, դոկտորանտուրան անցել է Բեռլինի Ազատ համալսարանում: Եղել է նույն համալսարանի Բուսաբանական գիտությունների «Դալեմ» գիտահետազոտական կենտրոնի անդամ:

Արսեն Գասպարյանը 2007-2012թթ-ին աշխատել է Երևանի պետական համալսարանի բուսաբանության ամբիոնում,  2009-2016թթ-ին եղել է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ի նախագահ, 2016թ-ից ընդգրկված է եղել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) բնապահպանական ծրագրերում, 2020թ-ից ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում քարաքոսերի հետազոտման ու պահպանության գիտական խմբի ղեկավարն է: Նա դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, անդամակցում է Քարաքոսաբանների միջազգային ասոցիացիային (International Lichenological Association), Սնկերի պահպանության միջազգային միությանը, (International Society for Fungal Conservation): շ

Արսեն Գասպարյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է, 12 գիտական հոդվածի, 2 մենագրության, 5 թեզիսի հեղինակ է: Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականներ Էմմանուել Սերյուզիոն, Նիկոլաս Մագեյնը և հոլանդացի գիտնական Պիտեր վան դեն Բումն իրենց հայտնաբերած քարաքոսի Ramalina ցեղի նոր տեսակն անվանակոչել են ի պատիվ Արսեն Գասպարյանի՝ Ramalina arsenii:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter