HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Գրադարակ» ՀԿ-ն Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Դվինում հիմնել է երեխաների համար նախատեսված կենտրոն

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Գրադարակ» կրթական և մշակութային ՀԿ-ն Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Արարատի մարզի Դվին գյուղում երեխաների համար նախատեսված կենտրոն է հիմնել: Այս մասին տեղեկացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մամուլիս ծառայությունը։

Կենտրոնը ծառայելու է որպես համայնքային գրադարան՝ հագեցած ուսումնական ռեսուրսներով և խաղերով, և որպես ապահով վայր՝ երեխաներին և դեռահասներին հոգեսոցիալական աջակցություն և երեխաների պաշտպանության այլ ծառայություններ տրամադրելու համար:

«Ցանկացած հասարակությունում երեխաներն ամենախոցելի խումբն են, սա հատկապես այդպես է, երբ երկիրը հայտնվում է ճգնաժամային իրավիճակներում, ինչպիսիք են հակամարտությունները և համավարակները: Հետևաբար՝ երեխաների անվտանգության և բարեկեցության ապահովումը առաջնահերթություն է ցանկացած երկրի համար։ Ուրախ ենք, որ այս աջակցությունը ծառայել է Հայաստանի հինգ մարզերի առողջապահական համակարգի և խոցելի երեխաների և դեռահասների կրթության բարելավմանը։

Ուզում եմ ընդգծել, որ Ճապոնիայի կառավարությունը շարունակելու աջակցել Հայաստանի Հանրապետությանը, երկրի՝ կայուն զարգացման հասնելու ճանապարհին», -նշել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպան պարոն Մասանորի Ֆուկուսիման։ Այս ամենը կյանքի է կոչվել Դվինի համայնքապետարանի հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ. համայնքապետարանը կենտրոնի տեղակայման համար տարածք և 2 մլն 500 հազար դրամ է տրամադրել վերջինիս վերանորոգման աշխատանքների իրականացման համար և շարունակելու է հոգալ վերջինիս ընթացիկ ծախսերը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը, «Գրադարակ» կրթական և մշակութային ՀԿ-ի հետ համատեղ, վերանորոգել և կահավորել է կենտրոնները, կենտրոններին տրամադրել տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված գրքեր, զարգացման խաղեր, ուսումնական և մասնագիտական այլ նյութեր և պարագաներ: Այս կենտրոնը տարեկան կսպասարկի համայնքում բնակվող շուրջ 450 երեխաների, դեռահասների և երիտասարդների։

«Յուրաքանչյուր համայնքում պետք է երեխաների և դեռահասների համար նախատեսված բազմազան ծառայություններ լինեն: ՅՈՒՆԻՍԵՖ-ն այս ուղղությամբ աշխատել է նախկին հինգամյա ծրագրի շրջանակում և չի դադարեցրել աշխատանքն անգամ համավարակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված հումանիտար իրավիճակի պայմաններում։ Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի համայնքներին մեր ընթացիկ հնգամյա ծրագրի շրջանակում ևս՝ բարելավելու երեխաների և դեռահասների համար նախատեսված ծառայությունները և նրանց ապահով ու անվտանգ միջավայրում կրթվելու, զարգանալու հնարավորություններ ստեղծելով», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիթինե Վայգանդը:

«Գրադարակն արդեն ավելի քան 5 համայնքային գրադարաններ է հիմնել ամբողջ Հայաստանում՝ նպատակ ունենալով ուսուցումը հասանելի դարձնել բոլոր երեխաներին և ոգեշնչել նրանց շարունակել սովորել, կարդալ և զարգանալ իրենց ազատ ժամերին ևս: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մեր համագործակցությունը նոր իմաստ բերեց այս առաքելությանը, և մենք ուրախ ենք, որ այս երկու կենտրոնները կգործեն երեխաների պաշտպանության չափանիշներին համապատասխան: Մենք նաև երախտապարտ ենք մեր գործընկեր ճարտարապետական և դիզայներական ստուդիաներին երկու տարածքների հայեցակարգման և ձևավորման հարցում նրանց աջակցության համար»,- նշեց «Գրադարակ» կրթական և մշակութային ՀԿ-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Արուսյակ Զեյնալյանը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Գրադարակ» ՀԿ-ն, հոգեսոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման շրջանակում, վերապատրաստել են բոլոր 7 համայնքների գրադարակների գրադարանավարներին և զարգացրել երեխաների և դեռահասների հետ աշխատելու նրանց կարողությունները՝ աջակցելով նրանց ինտերակտիվ միջոցառումներ՝ թատերական խաղեր, նկարչության դասեր, ֆիլմերի ցուցադրություններ, ընթերցանության ակումբներ և այլ խմբակներ կազմակերպելու գործում:

Մինչև տարեվերջ, Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ, Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի Մրգաշեն բնակավայրում կբացվի երեխաների համար նախատեսված ևս մեկ կենտրոն։

Ճապոնիայի կառավարության տրամադրած աջակցության շրջանակում 2021 թվականի փետրվարից ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ համատեղ տրամադրել է բազմազան ծառայություններ ավելի քան 35,000 երեխաների և դեռահասների և նրանց ընտանիքներին Հայաստանի 5 մարզերից՝ Արմավիր, Կոտայք, Արարատ, Վայոց Ձոր և Սյունիք, այդ թվում Լեռնային Ղարաբաղից: Մասնավորապես, բարելավվել են 15 դպրոցների կրթական և սանիտարահիգիենիկ պայմանները, 5 համայնքներում հիմնվել են երեխաների համար ապահով վայրեր, ավելի քան 3000 երիտասարդի տրվել են կյանքի հիմնարար հմտությունների ձևավորման փաթեթներ, վերապատրաստվել են 100-ից ավելի ուսուցիչներ և ավելի քան 1400 բուժաշխատողներ, 17 մարզային առողջապահական հաստատություններ ապահովվել են բժշկական սարքավորումներով և այլ անհրաժեշտ պարագաներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter