
ՀԿ-ները լրատվամիջոցներին կոչ են անում իրենց վրայից հանել համասեռամոլի պիտակը (լրացված)
Կանանց իրավունքները պաշտպանող «Կանանց ռեսուրսների կենտրոնը», ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց աջակցող «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն առցանց լրատվամիջոցներից պահանջում են ապատեղեկատվություն չտարածել կամ գոնե տարածելուց հետո հանել «Գեյ-շքերթ», «Սրանք голубой են», «Նույնասեռականների հավաքը տապալվեց» ու նմանատիպ այլ արտահայտությունները, քանի որ իրենք չեն մասնակցել այդպիսի բովանդակությամբ միջոցառմանը:
Երեկ' մայիսի 21-ին, աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում էր ՄԱԿ-ի հաստատած, մշակութային բազմազանության պաշտպանությանը նվիրված տոնը: Հայաստանում նույնպես փորձեցին նշել այդ օրը, և տարբեր հասարակական կազմակերպություններ ներգրավվեցին այդ գործընթացին:
Նկարիչների միության շենքում պետք է տեղի ունենար միջոցառում տոնի շրջանակներում: Սակայն այս ամենը շատ արագ որակվեց որպես այլասերվածություն, մշակութային բազմազանությունը ասոցացվեց միասեռականության գովերգման հետ, և տոնակատարության մասնակիցների շքերթը, որը սկսվել էր Կասկադից, հարձակման ենթարկվեց ազգայնական որոշ ուժերի կողմից:
Շքերթի մասնակիցները համոզված են, որ այդ ամենը չի կարելի վերագրել հայրենասիրության և ազգայնականության ինքնաբուխ դրսևորումներին. տոնակատարության խափանումը և դրան սեռական փոքրամասնությունների շքերթի պիտակ փակցնելը կանխամտածված գործողությունների հետևանք էին: Այս մասին նրանք որոշ մեկնաբանություններ տվեցին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Կանանց ռեսուրսների կենտրոնի» ներկայացուցիչ Գոհար Շահնազարյանը ափսոսանք է հայտնում, որ իրենց կազմակերպության մասնակցությանը ՄԱԿ-ի հաստատած միջոցառմանը նմանօրինակ պիտակ փակցվեց:
«Ապշեցուցիչ ապատեղեկատվության արդյունքում այն վերածվեց իսկական քաոսի,- նշեց կանանց իրավունքների պաշտպանը:- Կոնկրետ մեր ՀԿ-ն նպատակ ուներ Իրաքից և մուսուլմանական այլ երկներից բռնագաղթված կանանց իրավունքները բարձրաձայնել, որոնց հասարակության մեջ հաճախ «մուսուլման» կամ «թուրք» անվանումներն են տալիս: Այդ կանանցից ոմանք, ովքեր առանց այդ էլ հոգեբանական առումով խոցելի էին և ունեին պաշտպանության կարիք, նույնպես ներկա էին միջոցառմանը և այս ամենից հետո կարող են կորցնել հավատը՝ հասարակական աջակցություն ստանալու հանդեպ»:
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն ներկայացնող Հովհաննես Մադոյանի հավաստմամբ՝ ոչ միջոցառման հրավերների տեքստերում, ոչ իրենց երթի պաստառների վրա չկային միասեռականության քարոզ պարունակող արտահայտություններ, ինչ-որ մարդկանց ուղղակի ձեռնտու էր աղմուկ բարձրացնել:
«Ես ամեն օր հանդիպում եմ մարդկանց, ովքեր առանձնանում են իրենց կենսակերպով, և նրանց մշակույթը մի փոքր տարբերվում է, այդ մարդիկ հասարակության կողմից մեկուսացվում են ինչ-ինչ պատճառներով:
Հանրային առողջապահության տեսանկյունից մշակութային բազմազանության դեմ պայքարելը վտանգ է պարունակում: Պայքարել կարելի է ինչ-որ բանի կողմ, դա ավելի շատ բարոյական բավականություն կարող է պատճառել: Իսկ ահա դեմ դուրս գալը շատ ավելի հեշտ է: Հասարակության մեծամասնությունը դեմ է, օրինակ միասեռականներին, քանի որ նրանք չեն կարող սերունդ տալ, և դա վնաս է ազգապահպանմանը, սակայն քչերը հանդես կգային բազմազավակությունը խրախուսող նախաձեռնություններով»,- ասաց Հովհաննես Մարդոյանը:
ՀԿ-ների ներկայացուցիչները ուշադրություն հրավիրեցին նաև այն բանի վրա, որ մշակութային բազմազանության երթի մասնակիցների թիվը շատ ավելի փոքր էր և ընթացքում ավելի փոքրացավ, քան երթը միասեռականների շքերթ անվանողների և դրանց դեմ պայքարողների թիվը:
«Բազմազանության» տոնի էության մասին մասնագետի պարզաբանումները
Գյուլնարա Շահինյան` Հայաստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդական` ժամանակակից ստրկության գծով
«Այս տարի նշվում է մշակութային բազմազանության համաշխարհային օրվա տասնամյակը: Այն որպես պաշտոնական տոն հաստատվել է ՄԱԿ-ի կողմից: Մշակույթի բազմազանությունը հարստություն է ցանկացած երկրի համար, այն օգնում է հաղթահարել կոնֆլիկտները, աղքատությունը, բերում է հարմոնիայի: Իմ կարծիքով` այս տոնին մասնակցություն պետք է ունենար ոչ միայն հասարակական սեկտորը, այլ նաև ՄԱԿ-ի ներկայացուցչությունը Հայաստանում, երկրի կառավարությունը:
Այս տոնը կարող էր վերջերս նշված գրքի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարունակությունը լինել: Տեղի ունեցած միջադեպի պատճառներից մեկը կարող էր այն լինել, որ գուցե հասարակությունը բավականաչափ տեղեկացված չէր սպասվելիք միջոցառումների մասին:
Երեկվա տեղի ունեցածը ստերիոտիպային քաղաքական միջոցառում էր. երբ պետք է աղմուկ բարձրացնել, հայտնվում են ինչ-որ խմբեր, ջինը հանում են շշից, նացիոնալիստական խաղաքարտն օգտագործում են, հետո ջինը նորից փակում են շշում մինչև մյուս առիթը: Դա տեղի է ունենում ամբողջ աշխարհում, էդտեղ նորություն չկար, սպասելի էր:
Հայաստանը միացել է ՄԱԿ-ի ընդհանուր հռչակագրին, որտեղ ասվում է, որ բոլոր մարդիկ հավասար են իրենց իրավունքներով և իրենց արժանապատվությամբ:
2011-ին Մարդու իրավունքների խորհուրդը հռչակեց մի հռչակագիր սեռական փոքրամասնությունների հանդեպ բռնության դեմ: Մեր կառավարությունը ստորագրեց այդ հռչակագրի տակ և կողմ քվեարկեց: Իսկ փաստաթղթի տակ ստորագրել, նշանակում է նաև վերաբերմունք ձևավորել այդ երևույթի հանդեպ»:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել