HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲԴԽ-ն Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրել Մխիթար Պապոյանին

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրել դատավոր Մխիթար Պապոյանին: Այս մասին տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում  հաստատեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին լրացել է Վերաքննիչ քրեական դատարանի՝ արդեն նախկին նախագահ Տիգրան Սահակյանի 65 տարին, իսկ ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով դատավորը կարող է պաշտոնավարել մինչև 65 տարին լրանալը: Այսինքն՝ Տիգրան Սահակյանի՝ որպես դատավորի լիազորությունները դադարել են, ըստ այդմ՝ դադարել են նաև Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի լիազորությունները:

Նշենք, որ  այն շրջանում, երբ ԲԴԽ նախագահը դեռևս Գագիկ Ջհանգիրյանն էր, որպես Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի հավանական թեկնածու, շրջանառվում էր դատավոր Սևակ Համբարձումյանի անունը, սակայն Ջհանգիրյանի՝ լիազորությունների դադարումից հետո իրավական համայնքում որպես Վերաքննիչ դատարանի նախագահի թեկնածու ակտիվորեն սկսեց շրջանառվել Մխիթար Պապոյանի անունը, ով, փաստորեն, ընտրվել է նախագահ:

Պապոյանը դատավոր է  2009 թվականից:

2009 թվականի հուլիս ամսից մինչև 2010 թվականի դեկտեմբեր ամիսն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2010 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2013 թվականի նոյեմբերի 26-ից մինչև 2015 թվականի փետրվարի 5-ն աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2015 թվականի փետրվարի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter