HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նենսի Փելոսին ժամանել է Թայվան. Չինաստանը կոշտ պատասխան է խոստանում

Ամերիկյան օդանավը, որտեղ գտնվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, վայրէջք է կատարել Թայվանում։ Վերջին տասնամյակում սա ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է (երրորդն է նախագահից և փոխնախագահից հետո) խաղաղօվկիանոսյան այդ կղզի, որը փաստացի անկախ է, սակայն իրավաբանորեն աշխարհի պետությունների մեծ մասը չի ճանաչում Թայվանի անկախությունը Չինաստանից։

Սպիտակ տունը հայտարարել է, որ Չինաստանը կարող է ռազմական սադրանքների դիմել։ Ամերիկյան կողմը, սակայն, պաշտոնապես չէր հայտարարել Նենսի Փելոսիի այցի մասին այդ կղզի, միայն պնդում էր, որ Միացյալ Նահանգները չի ճանաչում Թայվանի անկախությունը։

Պեկինն ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցը դիտարկում է որպես միջամտություն իր ներքին գործերին։ Ինչպես գրում է China Times-ը, չինական «Լյանին» և «Շանդուն» ավիակիրները լքել են իրենց տեղակայման նավահանգիստները և դուրս եկել բաց ծով։ Reuters գործակալությունը ևս հայտնում է, որ չինական ռազմական ինքնաթիռները ցուցադրական թռիչքներ են իրականացնում սահմանազատիչ գծի երկայնքով, որը գտնվում է Թայվանի նեղուցի կենտրոնում, ինչը Թայվան կղզին անջատում է մայրցամաքային Չինաստանից։

Իր հերթին Միացյալ Նահանգներն օգոստոսի 1-ին Թայվանի շրջան էր ուղարկել «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրն ու դեսանտային մի քանի նավեր։

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինը ավելի վաղ հայտարարել էր, որ «եթե Միացյալ Նահանգները շարունակի գնալ այդ սխալ ճանապարհով, ապա մենք կձեռնարկենք վճռական քայլեր մեր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ուղղությամբ»։ Փելոսիի այցից հետո, սակայն, Սպիտակ տունը հայտարարել է, որ նման այցը որևէ կերպ չի կարող համարվել Չինաստանի տարածքային ամբողջականության կամ ինքնիշխանության խախտում։

ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդանավը, որը Ներկայացուցիչների պալատի խոսնակին հասցրել էր Մալայզիա, դուրս էր եկել Կուալա Լամպուրից։ Ընդ որում, միայն Թայբեյ ժամանելուց հետո պարզ դարձավ, որ Նենսի Փելոսին գտնվում է այդ օդանավում։ 

Ավելի վաղ, թայվանյան աղբյուրները հաստատել էին Փելոսիի այցը, իսկ Թայբեյի կենտրոնում մեծ վահանակը ողջունում էր ամերիկացի պաշտոնյայի այցը։ 

Զուգահեռաբար, ֆոնդային շուկաներում տատանումներ էին նկատվում՝ Թայվան Փելոսիի հնարավոր այցի առնչությամբ աճող լարվածության ֆոնին: «Ֆրանսպրեսը» (AFP) գրում էր, որ ասիական շուկաների հիմնական ինդեքսներն ընկել են աշխարհաքաղաքական լարվածության աճի մտավախությունների պատճառով։ Ամենաշատը նվազել են Հոնկոնգի և Շանհայի բորսաների ինդեքսները։ 

CGTN-ի փոխանցմամբ՝ Չինաստանի ԱԳՆ-ն նոր հայտարարություն է տարածել, որտեղ քննադատել է Փելոսիի այցը։ Գերատեսչությունը հայտարարել է, որ դա «սխալ ազդակներ» է փոխանցում անջատողական ուժերին, որոնք ձգտում են «Թայվանի անկախացմանը»։ 

The setting outside the Grand Hyatt Taipei, where Nancy Pelosi will be staying. pic.twitter.com/CKVJlAOGOd

— Asian Daily (@MEPaper1090) August 2, 2022

Թայվանական Liberty Times-ը գրում է, որ Նենսի Փելոսին և նրա պատվիրակության անդամները կգիշերեն Grand Hyatt Taipei հյուրանոցում։ 

Հիշեցնենք, որ Նենսի Փելոսին հուլիսի 30-ին պաշտոնական այցով մեկնել էր Արևելյան Ասիայի մի շարք երկրներ։ Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում էին, որ Փելոսիի օրակարգում ներառված է նաև Թայվանը, ինչը չէր հաստատում ամերիկյան վերնախավը։ Այդ լուրերի ֆոնին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը իր ամերիկացի գործընկերոջը կոչ էր արել հրաժարվել այդ քայլից, որը կարող է սրել Թայվանի շուրջ իրավիճակը։ Ավելի ուշ, Չինաստանը հայտարարեց, որ զորավարժություններ է սկսում Թայվանի ափերի մոտ։

Փաստացի, Նենսի Փելոսին դարձավ վերջին 25 տարիներին ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որն այցելեց խաղաղօվկիանոսյան այդ կղզի։ Վերջին անգամ 1997 թվականին այցով այնտեղ էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը։

Թայվանը 1949 թվականից ինքնավար է, սակայն աշխարհի երկրների մեծ մասը նրա անկախությունը չի ճանաչում։ Չինաստանը Թայվանը համարում է իր պրովինցիաներից մեկը։ ԱՄՆ իշխանությունները ճանաչում են «միացյալ Չինաստանի» քաղաքականությունը, սակայն կապեր են պահում Թայբեյի վարչակազմի հետ։

Լուսանկարը՝ REUTERS/Jonathan Ernst

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter