ՌԴ ԱԳՆ-ն սպառնում է խզել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները, եթե վերջինս ՌԴ-ն ճանաչի ահաբեկչությունը հովանավորող երկիր
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն Ռուսաստանը հայտարարի ահաբեկչությունը հովանավորող երկիր, դա կարող է հանգեցնել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզման։ Այդ մասին հայտնում է Интерфакс գործակալությունը։
«Ամերիկացի օրենսդիրները ... արդեն ձեռնամուխ են եղել իրենց կարծիքով այնպիսի ուժեղ զենքի մշակմանը, ինչպիսին է, ինչպես իրենք են ասում, Մոսկվային ահաբեկչության հովանավոր ճանաչելը... Ընդ որում, ինչ-որ կերպ մոռացվում է, որ ցանկացած գործողություն հակազդեցություն է ծնում, և նման անպատասխանատու քայլի տրամաբանական արդյունք կարող է դառնալ նաև դիվանագիտական հարաբերությունների խզումը, որի պարագայում Վաշինգտոնը կարող է վերջնականապես հատել անդառնալի կետը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- հայտարարել է Զախարովան։
Այս տարվա ապրիլին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ էր արել Ռուսաստանին ներառել ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկում։ Հուլիսի 27-ին այդպիսի կոչով հանդես էր եկել նաև ԱՄՆ Սենատը, որն ընդունել էր կատարման համար ոչ պարտադիր բանաձև։
Սենատորներն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին խնդրել էին Ռուսաստանը հայտարարել ահաբեկչությունը հովանավորող երկիր՝ Չեչնիայում, Վրաստանում, Սիրիայում և Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, որոնք հանգեցրել էին «անհամար անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան»։ The New York Times-ը գրում է, որ իր տվյալներով՝ Էնթոնի Բլինքենը պատրաստ չէ նման քայլ անել։
ԱՄՆ Պետքարտուղարությունը ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկում կարող է ներառել այն երկրներին, որոնք «բազմիցս աջակցություն են հայտնել միջազգային ահաբեկչության գործողություններին»։ Ցանկում ներառվելու դեպքում Սպիտակ տունն իրավունք ունի սառեցնել այդ երկրների ակտիվները, ինչպես նաև՝ պատժամիջոցներ սահմանել այն երրորդ երկրների նկատմամբ, որոնք առևտուր են անում նրանց հետ։ Ներկայում այդ ցանկում չորս երկրներ են՝ Իրանը, Կուբան, Սիրիան և Հյուսիսային Կորեան։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել