
Ադրբեջանը Լաչինի միջանցքով երթևեկությունն առաջիկայում նոր երթուղով կազմակերպելու պահանջ է ներկայացրել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 2-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ` ԱԺ քաղաքական ուժերի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը։
Ըստ հաղորդագրության՝ քննարկվել է շփման գծում նախօրեին ստեղծված իրավիճակը: Պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի խոսքով՝ լարվածությունը շփման գծի մի շարք հատվածներում շարունակվում է պահպանվել, և Պաշտպանության բանակը տիրապետում է իրավիճակին՝ առանց մարդկային ու դիրքային կորուստների:
«Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքին: Ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ։ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են ստեղծված իրավիճակում ձեռնարկվելիք քայլերն, այդ թվում՝ նաև ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով անվտանգ երթևեկության ապահովումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել