HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը հայտարարել է «Ալ-Քաիդա»-ի առաջնորդի ոչնչացման մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Այման Զավահիրիի Աֆղանստանում ոչնչացման մասին։ «Արդարադատությունը կայացավ և ահաբեկիչների այդ առաջնորդն այլևս չկա։ Մենք երբևէ հետ չենք կանգնի»,- BBC-ի փոխանցմամբ իր հեռուստաուղերձում հայտարարել է Բայդենը։

Նրա խոսքով՝ Զավահիրիի գտնվելու վայրն ամերիկյան հատուկ ծառայություններին հայտնի էր դարձել այս տարի ավելի վաղ։ «Նա ԱՄՆ քաղաքացիների, ամերիկացի զինծառայողների, ամերիկացի դիվանագետների և ամերիկյան շահերի նկատմամբ սպանությունների ու բռնության հետք է թողել»,- հավելել է Բայդենը։ 

Հատուկ ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տան մեկ այլ ներկայացուցիչ հայտնել է, որ ճշգրիտ հարվածը կիրակի օրը հասցվել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի տներից մեկին, որտեղ վերջին շրջանում թաքնվում էր Զավահիրին։ «Վերջին մի քանի ամիսների ընթացքում մեր վստահությունն առ այն, որ Զավահիրին գտնվում է Քաբուլի հենց այդ վայրում, մեծանում էր։ Երկար ժամանակ մենք Զավահիրիին նկատում էինք պատշգամբին, որտեղ էլ վերջիվերջո նրա ուղղությամբ հասցվեց հարվածը»,- ասել է նա։

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Hellfire տեսակի երկու հրթիռներն արձակվել էին անօդաչուից։ Հարվածի հետևանքով չեն տուժել ոչ Զավահիրիի հարազատները, որոնք գտնվում էին տանը, ոչ էլ շրջանի խաղաղ բնակիչները։

Զավահիրիի դեմ հատուկ գործողությունը դարձել է «Ալ-Քաիդա»-ի ուղղությամբ ամերիկացիների առաջին հարվածը՝ նախորդ տարվա օգոստոսին այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո։ Զավահիրին հայտարարվել էր որպես 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչ և այդ ժամանակվանից ի վեր գտնվում էր փախուստի մեջ։

Նա «Ալ-Քաիդա»-ն սկսեց գլխավորել 2011 թվականին Պակիստանում Ուսամա բին Լադենի ոչնչացումից հետո, որը ևս ամերիկյան հատուկ գործողություն էր։ Միացյալ Նահանգներն Զավահիրիի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվության համար սահմանել էր 25 միլիոն ԱՄՆ դոլար։ 

Աֆղանստանում իշխանության ղեկին գտնվող թալիբներն ամերիկյան հատուկ գործողությունն անվանել են ԱՄՆ-ի կողմից միջազգային սկզբունքների խախտում։ «Այդպիսի գործողությունները հանդիսանում են վերջին 20 տարիների անհաջող փորձի կրկնություն և հակասում են ԱՄՆ-ի, Աֆղանստանի և ողջ տարածաշրջանի շահերին»,- նշել են շարժումից։ Անհայտ է, թե արդյոք թալիբներն Զավահիրիին ապաստան էին տվել՝ 2021 թվականի օգոստոսից հետո։

Սպիտակ տնից հայտարարել են, որ Թալիբանի բարձրաստիճան դեմքերն իմացել են այն մասին, որ «Ալ-Քաիդա»-ի առաջնորդը թաքնվում է Քաբուլում։ Բայդենի վարչակազմի ներկայացուցիչը լրագրողներին հայտարարել է, որ Աֆղանստանի մայրաքաղաքում Զավահիրիի գտնվելու 2020 թվականի համաձայնագրի ակնհայտ խախտում էր, որտեղ թալիբները խոստացել էին Աֆղանստանում թույլ չտալ միջազգային ահաբեկչության ծաղկումը։ 

«Մենք սպասում ենք, որ նրանք կպահպանեն համաձայնագրի պայմանները, որն ստորագրվել է Դոհայում։ Եվ Քաբուլի կենտրոնում Զավահիրիի գտնվելու այդ պայմանների ակնհայտ խախտում է։ Մենք կշարունակենք թալիբներին պատասխանատվության կոչ անել»,- ասել է նա։

Իր ուղերձում Ջո Բայդենը նաև ասել էր, որ ամերիկյան հատուկ ծառայությունները չեն նախազգուշացրել Թալիբան շարժման ներկայացուցիչներին նախատեսվող գործողության վերաբերյալ, սակայն ԱՄՆ-ն հույս ունի հետագայում ևս համագործակցել Աֆղանստանի նոր իշխանությունների հետ։

Լուսանկարը՝ ft.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter