Արմեն Երիցյանը թույլ չի տա, որ հրշեջների մատը փուշ մտնի
Այսօր արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հանդիպել է Փրկարար ծառայության ղեկավար կազմի ու հրշեջ մասերի պետերի հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր ամփոփել հրշեջ մասերում կատարած շրջայցերի արդյունքները:
Այցելելով մարզերի ու մայրաքաղաքի բոլոր հրշեջ մասեր՝ Արմեն Երիցյանն անձամբ է ծանոթացել դրանց աշխատանքային ու շենքային պայմաններին և խնդիրներին: Հրշեջ մասերի գերակշիռ մասը նախարարությունը ժառանգել է անմխիթար վիճակում՝ թե գույքի, թե շենքային պայմանների առումով:
«2012 թվականը բեկումնային է լինելու մեր հրշեջ մասերի համար: Տրված են անհրաժեշտ հանձնարարականներ, մենք միջոցներ կհատկացնենք հրշեջ մասերի տարածքը բարեկարգելու, շենքերում վերանորոգում կատարելու, անձնակազմի հանգստի սենյակներն ու ճաշարանները պատշաճ տեսքի բերելու, անհրաժեշտ գույքով ու պարագաներով (մահճակալներ, ծածկոցներ և այլն) ապահովելու համար: Այս ամեն հետ մեկտեղ պիտի առավել խստացվի կարգապահությունը»,- ասել է Արմեն Երիցյանը:
Նա հանձնարարականները կատարելու համար տվել է 6 ամիս ժամանակ ու նշել, որ մարզային վարչությունների պետերն անձամբ են պատասխանատու հրշեջ-փրկարարների աշխատանքի ու հանգստի պայմանների, հրշեջ մասերի վիճակի համար, իսկ հրշեջ մասերի հրամանատարների համար սահմանվեց խրախուսական սանդղակ. առաջին հնգյակում հայտնվածները կպարգևատրվեն, իսկ վերջին հնգյակում հայտնված հետնապահները կհեռացվեն համակարգից:
«Մենք պիտի անենք ամեն հնարավորը, որ մեր հրշեջ-փրկարարներն ունենան աշխատանքի արժանավայել պայմաններ: Ես թույլ չեմ տա, որ նրանցից մեկի մատը փուշ մտնի»,- ասել է Արմեն Երիցյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել