HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց կալանավորել Ավետիք Չալաբյանին

«Համախմբում» նախաձեռնության անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը մեկ շաբաթ ազատության մեջ գտնվելուց հետո կրկին կկալանավորվի: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր նշանակված էին Չալաբյանի գործով նախնական դատալսումներ, որի շրջանակներում քննարկվեց Չալաբյանի խափանման միջոցի հարցը:

Հատկանշական է այն հանգամանքը, որ հանրային մեղադրողը թույլատրելի է համարել Չալաբյանի նկատմամբ գրավի կիրառումը, սակայն դատավոր Մարտիրոսյանն, այնուամենայնիվ որոշել է նրան կալանավորել: Ըստ դատավորի՝ առկա է հավանականություն, որ մեղադրյալը, ազատության մեջ գտնվելով, կարող է խախտել գործի քննությանը չխոչընդոտելու պարտավորությունը։

Պետք է նկատել, որ Ավետիք Չալաբյանը մեկ շաբաթ՝ մինչև իր խափանման միջոցի հարցով որոշում կկայացվեր, գտնվել է ազատության մեջ, և այս ընթացքում որևէ տվյալ չի ստացվել այն մասին, որ Չալաբյանը փորձել է խոչընդոտել գործի քննությունը, ավելին, Չալաբյանը նիստերին ներկայացել է անգամ առողջական խնդիրներ ունենալու պայմաններում:

Դատարանի այս որոշմանն անդրադարձել է իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Վերջինս նշել է, որ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը դատավորին  տալիս է հնարավորություն՝ «ի հեճուկս դատախազի» նման որոշում կայացնելու, բայց դա պետք է բացառիկ դեպքերում լինի:

«Քրեական դատավարության գործող օրենսգիրքը դատաքննության (այլ ոչ թե նախաքննության) փուլում գտնվող գործերով դատարանին իսկապես հնարավորություն տալիս է, ի հեճուկս դատախազի դիրքորոշման, կիրառել կալանք։

ԲԱՅՑ

Ակնհայտ է, որ դատարանն այդպիսի որոշում կարող է կայացնել միայն ու միայն բացառիկ հանգամանքների պարագայում, և այդ հանգամանքները պետք է հստակ ներկայացվեն թե՛ կողմերին, թե՛ հանրությանը։

Ի՞նչ տեղի ունեցավ րոպեներ առաջ Կենտրոնի դատարանի չարաբաստիկ 3-րդ դահլիճում։

Դատախազը հայտարարեց, որ Չալաբյանի նկատմամբ բավարար է գրավի կիրառումը, իսկ դատարանն անսպասելիորեն որոշեց կիրառել կալանք։ Ընդ որում, բացի ընդհանրական ձևակերպումներից՝ որևէ ավել բան ես չլսեցի։ Հետևաբար՝ դատարանի այդ որոշումը որևէ կերպ չի կարող իրավաչափ համարվել։

Հուսով եմ՝ Տիգրան Սիմոնյանից ազատված վերաքննիչ դատարանը հստակ դիրքորոշում կարտահայտի, որ նման բան հնարավոր է միմիայն փաստերով (այլ ոչ թե ենթադրություններով) հստակորեն հիմնավորված բացառիկ դեպքերում, կարձանագրի, որ այդ չափորոշիչը Չալաբյանի պարագայում ապահովված չէ, և կվճռի վերականգնել նրա ազատությունը։

Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու մեջ:

2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 դրամ գումար: Գործով մեղադրանք է առաջադրվել Ավետիք Չալաբյանին և Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանին:

Չալաբյանը մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպանները բազմիցս հայտարարել են, որ Չալաբյանի նկատմամբ հետապնդում է հարուցվել, քանի որ նա քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը Արցախի հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter