
Ադրբեջանի գործողությունների հետևանքով զոհվել է 2 զինծառայող, 14-ը՝ վիրավորվել
Օգոստոսի 3-ին՝ ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:
«Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։
Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Հետագա զարգացումների վերաբերյալ ԱՀ պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրություններով»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։
Մեկնաբանել