HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Նիկոլ Փաշինյան․ «Ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից»

Կառավարության օգոստոսի 4-ի նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես՝ Բերձորի (Լաչին) միջանցքի շուրջ ծայրահեղ սրված իրավիճակին։

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ՝ օգոստոսի 3-ին, Արցախում զոհված երկու զինծառայողի հիշատակը, ապա Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով, որում, մասնավորապես, ասաց․

«Այս օրերին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում։ Բազմիցս եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայությունն ու գործունեությունն առանցքային գործոն են արցախահայության անվտանգության ապահովման համար, և մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցում։

2020 թվականի նոյեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները, հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր։ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022 թվականի մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի գրավումը կրկին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, Լեռնային Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են։ Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը․ սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե, Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց։ Բայց պիտի խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ ՀՀ-ն դա արել է հենց 2020 թվականի նոյեմբերին, և մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով։

Բացի այդ՝ գոյություն ունեն թեմային առնչվող մի շարք ինստիտուցիոնալ հարցեր, մասնավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության երրորդ կետում հստակ նշված է, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը․ հենց այս տարածքն է կոչվում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ Եվ մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն։

Վերադառնալով Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության մանդատի թեմային՝ պիտի կրկնեմ, որ մեր կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի ստորագրությունը բավարար են այդ մանդատը ամբողջությամբ իրագործելու համար, իսկ եթե ոչ՝ ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ։

Որքան էլ քննադատվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, դրանում Լեռնային Ղարաբաղի անվտանգության կարևոր ինստիտուտներ են ամրագրված։

Նախ՝ Լեռնային Ղարաբաղ միավորի արձանագրումն է տեղի ունեցել, ինչը մինչև հիմա փորձում է ժխտել Ադրբեջանը՝ ասելով, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի։ Ադրբեջանից հնչող նմանատիպ հայտարարությունները եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում են։ Երկրորդ՝ արձանագրվել է, որ գոյություն ունի շփման գիծ, և երրորդ՝ Լաչինի միջանցք, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ։ Ըստ էության՝ այս երեք ինստիտուտների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը, և մեր ակնկալիքն է, որ ինչպես և նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը Ադրբեջանին հնարավորություն չտա խաթարելու եռակողմ հայտարարությամբ ամրագրված այս հիմնարար ինստիտուտները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter