HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Եթե խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ՊԲ-ն մարտական հերթապահության անհրաժեշտություն չի ունենա. Ն. Փաշինյան

Օգոստոսի 4-ին՝ Կառավարության հերթական նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանն այսօր անընդհատ խոսում է ԼՂ Պաշտպանության բանակի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով։

«Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ Պաշտպանության բանակը, կարծում եմ, մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։ Նման անհրաժեշտություն առաջացել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այդ թվում՝ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է»,- ասաց նա։

Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանը շարունակաբար շահարկում է նաև ԼՂ-ում ՀՀ զինված ուժերի առկայությունը, ինչի կապակցությամբ Փաշինյանը պաշտոնապես արձանագրեց, որ Լեռնային Ղարաբաղում ՀՀ զինծառայող չկա։

«Ընթացիկ էսկալացիայի համար Ադրբեջանը, որպես պատրվակ, օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, իբր ինքն ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները, և հետևաբար գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը։ Ադրբեջանի նման ձևակերպումը և հայտարարությունները նույնպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտումեր են, և ահա թե ինչու՝ նշված հայտարարության 6-րդ կետում ասվում է՝ «կողմերի, այսինքն՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համաձայնեցմամբ առաջիկա 3 տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 9-ը, կորոշվի Հայաստանի հետ ԼՂ կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վերաբաշխմամբ, վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»։

Պիտի արձանագրեմ, որ այս պահի դրությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի, և մենք մի քանի անգամ առաջարկել ենք և հիմա էլ առաջարկում ենք դա անել։ Այսինքն՝ հաստատել եռակողմ ֆորմատով պլան։ Ուշադրություն դարձրեք, որ հայտարարության մեջ խոսքը ոչ թե նոր ճանապարհի կառուցման մասին է, այլ կառուցման պլանի և խաղաղապահ զորքերի վերատեղաբաշխման մասին, որը շատ բարդ և եռակողմ գործընթաց է։ Այս պահի դրությամբ՝ մենք ոչ մի պլանի համաձայնություն չենք տվել, որովհետև մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ ՀՀ-ն սկսել է Կոռնիձոր-Տեղ Մ12 մայրուղու ավտոճանապարհի վերակառուցումը, որը, ենթադրաբար, պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն․ «Բայց կրկնում եմ՝ եռակողմ հայտարարության մեջ խոսքը միայն ճանապարհի կառուցման մասին չէ, պլանի շրջանակներում պետք է պարզաբանվեն մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ ԼՂ-ին էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման հարցեր, անվտանգության հետ կապված խնդիրներ»։

Վարչապետը նշեց, որ Ադրբեջանն այս օրերին շահարկում է, թե ՀՀ-ն փորձում է խուսափել այս հարցերի քննարկումներից։

«Սա աբսուրդ հայտարարություն է այն պայմաններում, երբ ես վերը նշված ծրագրի մասին հայտարարել եմ հրապարակային դեռևս սույն թվականի հունիսի 27-ին իմ ունեցած առցանց ասուլիսի ընթացքում։ Եվ ավելին, Ադրբեջանը ԼՂ-ում իրադրության սրման գնաց այն օրերին, երբ Կոռնիձոր-Տեղ Մ12 ավտոճանապարհի բուն շինարարությունը մեկնարկեց։ Իսկ դրանից առաջ հրապարակային մրցութային ընթացակարգ էր տեղի ունենում շինարարական կազմակերպության ընտրության նպատակով։ Այս պայմաններում Ադրբեջանի կողմից սրացման գնալը մեկ նպատակ ունի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կառուցակարգերի վերացումը։ Ադրբեջանը, որը նոյեմբերի 9-ի հայտարարությունն իր հաղթանակն է համարում, այսօր մի խնդիր ունի՝ վերացնել այդ հայտարարությունը և խուսափել այդ հայտարարությամբ արձանագրված իրողությունների ամրագրումից»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ երեք առանցքային իրողություն է արձանագրվել՝ Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը, ԼՂ-ում շփման գծի առկայությունը և ԼՂ-ի և Հայաստանի միջև կապը երաշխավորող Լաչինի միջանցքի գոյությունը։ Ըստ նրա՝ Ադրբեջանը պարտավոր է իր ստորագրությամբ արձանագրված այս իրողությունները հարգել։ Եթե ոչ՝ Հայաստանը պետք է իր օրակարգում ներառի սեփական ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները հարգելուն ուղղված միջազգային մեխանիզմների գործարկումը, որպեսզի միջազգային մեխանիզմների գործարկումով Ադրբեջանը հարգի իր ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները։

«Ավարտելով խոսքս՝ ասեմ, որ չնայած այս պահին ԼՂ շփման գծի երկայնքով ակտիվ մարտական գործողություններ չկան, իրադրությունը, ըստ ԼՂ իշխանությունների գնահատականի, շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Մենք պիտի աշխատենք այդ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։

Ընդգծեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների բոլոր կետերով ՀՀ-ն կառուցողական բանակցությունների վարման քաղաքականություն է իրականացնում՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման և ամրապնդման»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter