HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացասական կարծիքներ և եզրակացություն` Մեղրաձորի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը երկարացնելու հայտին

Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի` Մեղրաձորի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը երկարացնելու հայտին:

Հիշեցնենք` «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն Մեղրաձորի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը ստացել էր 2012թ․ օգոստոսին։ Ստորգետնյա և բաց մշակման եղանակով այս իրավունքն ընկերությանը տրամադրվել էր մինչև 2023թ․-ի սեպտեմբերի 10-ը ընդհանուր 384.665 հազար տոննա հանքաքար արդյունահանելու համար։

Քանի որ ընդերքօգտագործման իրավունքն ավարտվում է 2023թ.-ին, ընկերությունը դիմել էր ընդերքօգտագործման իրավունքը երկարացնելու համար և ՇՄՆ ներկայացրել շրջակա միջավայրի գնահատման հայտը։ «Մեղրաձոր գոլդ»-ը մտադիր էր ևս 16,7 տարի հանքաքար արդյունահանել` սպառելով հանքավայրի բոլոր պաշարները։

Փորձաքննությանը մասնակից ՇՄՆ Անտառային կոմիտեն կարծիք է ներկայացրել, համաձայն որի` ընկերության կողմից հայցվող տարածքի 31,4 հա-ն գտնվում է անտառային հողերում, և Անտառային կոմիտեն հանքավայրի շահագործումն անտառային հողերում համարել է ոչ նպատակահարմար:

Համաձայն Կադաստրի կոմիտեի կարծիքի` 569 հա մակերեսով հայցվող տարածքը համադրվում է Մեղրաձոր գյուղի շուրջ 4 տասնյակ հողամասերի/քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական և բնակավայրերի նպատակային նշանակության, համայնքային սեփականություն հանդիսացող ու արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հետ:

2022թ. մայիսի 24-ին Մեղրաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցած հանրային քննարկմանը ներկա է եղել նաև հողամասի սեփականատերերից մեկը, որին պատկանում է տարածքի 40 հա-ն: Վերջինս դեմ է արտահայտվել իր հողատարածքում արդյունահանման աշխատանքների իրականացմանը:

ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ եղել են բազմաթիվ դիտողություններ և առաջարկություններ, որոնք ապրիլի 14-ին, գրությամբ ՏԿԵ նախարարության միջոցով, ներկայացվել է ընկերությանը: Դիտողությունները վերաբերել են գործունեության ենթակա և հարակից տարածքների նկարագրին և մակերեսին, մասնավորապես.

  • հաշվետվությունում թերի է ներկայացվել և մինչև գործընթացի ավարտը լիարժեք չի ներկայացվել տարածքի և հարակից տարածքների բուսական և կենդանական աշխարհի, մասնավորապես՝ Կարմիր գրքում գրանցված տեսակների պահպանությանն ուղղված միջոցառումները և հողային ռեսուրսների պահպանության, ընդերքօգտագործման թափոնների վերաբերյալ տեղեկատվությունը:
  • Թերի են ներկայացվել ռեկուլտիվացիոն աշխատանքների և տնտեսական վնասի հաշվարկի ծախսերը,
  • բացակայել են արդյունահանման համալիրի ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկատվությունը` հարստացուցիչ ֆաբրիկա, պոչամբար և այլն:

Սակայն մինչև փորձաքննական գործընթացի հիմնական փուլի ավարտն ընկերության կողմից դիտողություններով և առաջարկություններով լրամշակված հաշվետվությունը` ՏԿԵՆ-ի կողմից չի ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ:

ՏԿԵ նախարարի հունիսի 21-ի հրամանի համաձայն` մերժվել է Կոտայք մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետի երկարաձգման վերաբերյալ ընկերության դիմումը` նշված թերությունները 10-օրյա ժամկետում չվերացնելու հիմքով:

Փորձաքննական գործընթացի լիարժեքությունն ապահովելու նպատակով ՇՄԱԳ փորձաքննական գործընթացի ժամկետը երկարաձգել է 30, այնուհետև նաև 10 աշխատանքային օրով: Սակայն նշված ժամկետներում պահանջվող փաստաթղթերն ու լրամշակումներն ընկերությունը փորձաքննական կենտրոն չի ներկայացրել, ինչը հիմք է հանդիսացել ընկերության ՇՄԱԳ հայտին տալ բացասական եզրակացություն:

Կարդացեք նաև`

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter