
Հակաակցիայի մասնակիցները համոզված են՝ երեկվա երթը միասեռականության շքերթ էր
Մշակութային բազմազանության պաշտպանության համաշխարհային տոնին նվիրված երթի դեմ կազմակերպված հակաակցիայի մասնակիցներն այսօր՝ ասուլիսի ժամանակ, հանդես եկան իրենց մեկնաբանություններով՝ երեկ տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Պատմաբան Վահե Աթանեսյանի խոսքերով՝ մայիսի 21-ին երկկողմանի շքերթ էր կազմակերպվել, ինչն էլ հասարակության մեջ հակասությունների տեղիք է տվել: Սակայն քիչ անց նա հայտարարեց, որ երթին հակադրվողների գործողությունները ինքնաբուխ էին, հենց տեղում կազմակերպվել են որոշ հայրենասեր երիտասարդների կողմից, ովքեր հավաքվել էին խաղաղ երթով քաղաքով անցնելու և հայրենասիրական երգեր երգելու համար:
Նշենք, որ «ինքնաբուխ» հավաքված երիտասարդների ձեռքերին «պատահաբար» հայտվել էին «սրանք голубой են», «հեռու պահեք երեխաներին» և նմանատիպ այլ պաստառներ:
«Երկու կողմերի մասնակիցները միմյանց հանդեպ ավելի հանդուրժող էին տրամադրված, քան այդ ամենը մեկնաբանողները,- նշեց Աթանեսյանն ու ավելացրեց:- Ցավալի է, որ բազմազանության երթը խոչընդոտող մասնակիցներին սոցիալական ցանցերում ֆաշիստ են անվանում: Ես ազգասեր եմ, բայց ազգայնական, առավել ևս ֆաշիստ չեմ: Երթի ժամանակ համասեռամոլության քարոզ էր ընթանում: Ով ինչ ուզում է, թող իր տանն անի, բայց այդ ամենը պետք չէ տարածել փողոցում»:
Երթին հակադրվողները հայտնեցին, որ իրենց սադրում էին և արհեստականորեն փորձում բախումներ առաջացնել:
«Սերունդ» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Սարիբեկյանը համոզված է, որ բազմազանության կողմնակիցներն ամենևին էլ բազմազանություն չեն ուզում, այլ ցանկանում են, բոլոր սահմանները ջնջելով, ստեղծել միատարր զանգված:
Ազգայնական դիրքերից հանդես եկող կողմի կարծիքով՝ անհրաժեշտ է միասեռականությունն ու Եվրոպայից փոխառած այլ բացասական երևույթներն արմատախիլ անել, պետք է մատնացույց անել դրանց կրողներին, ԶԼՄ-ներին էլ իրենք կոչ են անում նրանց լսարան չտրամադրել:
Լուս.՝ Վահե Աթանեսյան (ձախից) և Էդուարդ Սարիբեկյան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել