
Եվրամիությունը Սերբիայի և Կոսովոյի առաջնորդներին հրավիրում է Բրյուսել բանակցությունների
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին և մասամբ ճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիին օգոստոսի 18-ին հրավիրել է Բրյուսել՝ Կոսովոյի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների։ Այդ մասին նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։
I am inviting President of Serbia Vucic @predsenikrs and Prime Minister of Kosovo Kurti @albinkurti on 18 August to Brussels, to discuss the way forward between Pristina and Belgrade.
— Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) August 6, 2022
«Ես Սերբիայի նախագահ Վուչիչին և Կոսովոյի վարչապետ Կուրտիին օգոստոսի 18-ին հրավիրում եմ Բրյուսել, որպեսզի քննարկենք Պրիշտինայի և Բելգրադի միջև առաջընթացի ճանապարհները»,- գրել է Ժոզեպ Բորելը։
Ավելի վաղ, Վուչիչը և Կուրտին բրյուսելյան բանակցությունների վերաբերյալ Բորելից գրավոր հրավեր էին ստացել, որի ընթացքում երկխոսության ճանապարհով քննարկվելու էին բաց մնացած բոլոր հարցերը։ Բորելը պնդում էր, որ Բելգրադի և Պրիշտինայի միջև լարվածությունը հանդիսանում է բանակցությունների սեղանի շուրջ առաջնորդների նստելու պատրաստակամության բացակայության ուղիղ հետևանքը։
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին իրավիճակը կտրուկ սրվել էր Կոսովոյում և Մետոխիայում այն բանից հետո, երբ Կոսովոյի ոստիկանությունը փակել էր Սերբիայի հետ վարչական սահմանի հսկիչ անցագրային կետը։ Պատճառը մասամբ ճանաչված հանրապետության իշխանությունների որոշումն էր, որոնք սկսել էին սերբական փաստաթղթերի նկատմամբ արգելք կիրառել՝ տեղի սերբ բնակչությունից պահանջելով վերցնել Կոսովոյի փաստաթղթեր։ Ի պատասխան դրա, Կոսովոյի հյուսիսում գտնվող սերբերը դուրս եկան բողոքի ցույցերի և փակեցին հիմնական ավտոմայրուղիները։
Մասամբ ճանաչված հանրապետության հյուսիսի մի քանի քաղաքներում հնչել էին տագնապի ազդանշաններ։ Իբար գետի վրա կառուցված կամրջի մոտ, որն իրար է կապում Սերբիան և Կոսովոն, առաջ քաշվել էին ոստիկանական ուժերն ու Կոսովոյի անվտանգության միջազգային ուժերի զինծառայողները, որոնք գործում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո։
Միջազգային ջանքերի շնորհիվ Պրիշտինան որոշեց սերբական փաստաթղթերի արգելման գործընթացը հետաձգել մինչև սեպտեմբերի 1-ը։
Լուսանկարը՝ Laura Hasani/Reuters
Մեկնաբանել