HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը հայտարարել է 25 000 պահեստազորայինի զորակոչի մասին. իրավիճակը սրված է Գազայի հատվածի մոտ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է 25 000 պահեստազորայինի զորակոչի մասին։ Այդ մասին հայտնում է The Times of Israel պարբերականը։ Իրավիճակը բավականին լարված է Գազայի հատվածի հետ սահմանին։

Օդային տագնապի ազդանշաններ են միացվել Գազայի հատվածին սահմանակից իսրայելական բնակավայրերում, ինչպես նաև Ռիշոն լե Ցիոն և Բաթ Յամ (երկրի կենտրոնում) քաղաքներում: ՑԱԽԱԼ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Իսրայելի բանակը Գազայի հատվածում իրականացնում է «Արևածագ» գործողությունը՝ ի պատասխան «Պաղեստինի իսլամական ջիհադի ուղիղ սպառնալիքների»։ 

Իսրայելի սահմանային շրջաններում հայտարարվել է հատուկ դրության ռեժիմ։ Ynet-ը գրում է, որ իսրայելական բանակը ճշգրիտ հարվածով սպանել է «Իսլամական ջիհադի» Գազայի հատվածի հյուսիսում գտնվող ռազմական թևի հրամանատար Թայսիր ալ-Ջաբարիին։ Խմբավորումը հաստատել է իր ռազմական թևի հրամանատարներից մեկի մահը և հայտարարել, որ գնում է պատերազմի։

Իսրայելի պաշտպանության բանակի փոխանցմամբ՝ «Իսլամական ջիհադի» կազմից զոհվել է 15 գրոհային։ «Իսրայելի կառավարությունը թույլ չի տա ահաբեկչական կազմակերպություններին իր օրակարգը սահմանել Գազայի հատվածի մոտ գտնվող գյուղերում և սպառնալ Իսրայել պետության քաղաքացիներին։ Թող յուրաքանչյուրը, որը կհանդգնի վնասել Իսրայելին, իմանա, որ մենք նրանց կհասնենք։ Անվտանգության ուժերը կգործեն Իսլամական ջիհադի ահաբեկիչների դեմ, որպեսզի վերացնեն սպառնալիքը, որը կա Իսրայելի քաղաքացիների նկատմամբ»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը։

Երկրի հարավում և կենտրոնում, ինչպես նաև Երուսաղեմում բացազատվել է «Երկաթե գմբեթը»։ Al Arabiya-ն փոխանցում է, որ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով, Գազայի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի։

ՑԱԽԱԼ-ի մամուլի քարտուղար Ռան Կոխավն էլ նշել է, որ ՀԱՄԱՍ-ը չի միանա «Իսլամական ջիհադին»։ «Մենք պատրաստվում ենք կարճ գործողության, բայց նաև պատրաստ ենք դրա շարունակմանը, եթե դրա անհրաժեշտություն լինի»,- նշել է Կոխավը։

Փոխարենը Գազայի հատվածում «Իսլամական ջիհադի» առաջնորդներից մեկը հայտարարել է, որ Թել Ավիվը գտնվում է նրանց հրթիռների նշանառության տակ։

Այս տարվա օգոստոսի 1-ին Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողները Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին քաղաքում ձերբակալել էին Հուդայում և Սամարիայում «Իսլամական ջիհադի» առաջնորդներից Բասամ ալ-Սաադիին։ Դրանից հետո կառավարությունը, մտահոգ լինելով երկրի հարավում իրավիճակի հնարավոր սրումից, որոշել էր փակել Գազայի հատվածի մոտ գտնվող ավտոմայրուղու մի մասն ու լողափը, ինչպես նաև բացազատել «Երկաթե գմբեթի» լրացուցիչ մարտկոցներ ու զորակոչել պահեստազորայինների։ 

Լուսանկարը՝ AP Photo/Hatem Moussa

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter