Ռուսաստանում արգելափակել են Patreon-ը և Grammarly-ն
ՌԴ Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) այդ երկրի տարածքում արգելափակել է տարբեր հեղինակներին վճարովի բաժանորդագրության Patreon ծառայությունը և անգլերեն ուղղագրության ստուգման Grammarly կայքը։ Այդ մասին հայտնում է Ռոսկոմսվոբոդան։
Երկու ծառայություններն էլ արգելափակվել են ՌԴ Գլխավոր դատախազության կողմից։
Ռոսկոմսվոբոդայի տվյալներով՝ Patreon-ը սահմանափակումների տակ է հայտնվել իր կայքում DOXA ամսագրի խմբագրության հակապատերազմական հայտարարության տարածման համար։ Իր հերթին Grammarly-ն արգելափակվել է այն պատճառով, որ կայքը պատերազմի ֆոնին հայտարարել է Ռուսաստանում և Բելառուսում իր աշխատանքների դադարեցման մասին։
Նախօրեին, Ռոսկոմնադզորը, ՌԴ գլխավոր դատախազության պահանջով, արգելափակել էր «Сахком»-ի և «Сахалин.Инфо»-ի կայքերը։ Օգոստոսի 1-ին գերատեսչությունն սահմանափակել էր նաև «Новая вкладка» նախագծի կայքին հասանելիությունը, որը պատմում է փետրվարի 24-ից հետո, երբ Ուկրաինայում սկսվեց պատերազմը, ռուսական ծայրամասում կյանքի մասին։
Վերջին տվյալներով, Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո, Ռուսաստանում արգելափակվել է 102 կայք, այդ թվում ուկրաինական լրատվամիջոցները։
Լուսանկարը՝ Pavlo Gonchar/SOPA Images/LightRocket via Getty Images
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել