Քննարկումներ կորեացի փորձագետների հետ՝ Ազգային գեոպորտալի բարելավման նպատակով
Քաղաքաշինության կոմիտեում հանդիպում է տեղի ունեցել կորեացի փորձագետների խմբի հետ, որը Կադաստրի կոմիտեի հետ գործակցում է Ազգային գեոպորտալի բարելավման ուղղությամբ:
Ազգային գեոպորտալը ներդրվել է Կադաստրի կոմիտեի կողմից՝ ապահովելու համակարգված տարածական տվյալների հասանելիություն։ Օգոստոսի 3-ին տեղի է ունեցել Ազգային գեոպորտալի մաս կազմող քարտեզագրական բաղադրիչի շնորհանդեսը: Այն հնարավորություն է ընձեռում համացանցի օգտատերերին առցանց միջավայրում դիտելու կադաստրային քարտեզը՝ օդալուսանկարների (օրթոֆոտոհատակագծերի) հետ համադրված:
Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուների հետ կատարվել են քաղաքաշինական հարցերի վերաբերյալ մի շարք ճշգրտումներ՝ գեոպորտալում ընդգրկվող տեղեկատվությունն առավել ամբողջական և մատչելի դարձնելու համար: Անդրադարձ է եղել կոմիտեի համակարգմամբ ստեղծված ծրագրային փաստաթղթերը գեոպորտալում արտացոլելու եղանակներին, քարտեզների ճշգրտման անհրաժեշտության դեպքում կոմիտեի լիազորությունների շրջանակին:
Կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը և խորհրդական Արտավազդ Թարխանյանը մանրամասներ են ներկայացրել քաղաքաշինության բնագավառում լիազոր մարմնի գործունեության բոլոր ուղղությունների վերաբերյալ: Նրանք ընդգծել են պետական տարբեր կառույցներից ստացվող տվյալներն ու քարտեզագրական նյութերը մեկ համակարգում միասնական ձևաչափով ընդգրկելու, համադրելու, անճշտությունները վերացնելու և դրանցից օգտվելը մատչելի դարձնելու կարևորությունը:
Դիտարկվել են նաև ստեղծված հարթակում Քաղաքաշինության կոմիտեի գործունեությանն առնչվող տեղեկատվական բազայի ձևավորման, հեռանկարային պահանջների հիման վրա տվյալների թարմացման հնարավորությունները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել