
Թեժասարն ու Հանքավանի ձորը վտանգված են․ ահազանգ Մեղրաձորից՝ ալյումինի հանքավայրի հնարավոր շահագործման մասին
«Հետքը» Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի բնակիչներից այսօր ահազանգ ստացավ, որ օգոստոսի 11-ին իրենց համայնքի Մեղրաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում հանրային քննարկում է նախատեսվում։ Այն վերաբերում է Թեժասարի հանքավայրի Թեժագետ տեղամասի նեֆելինային սիենիտների պաշարների վերագնահատման ուսումնասիրությանը։ Նեֆելինային սիենիտը ալյումինի հումքն է։
«Ամ Արտ Շին» ՍՊԸ-ն է հայտ ներկայացրել՝ 2022-2025թթ. երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման համար։ Նախագիծն արդեն ներկայացվել է ՇՄԱԳ փորձաքննության, և նախատեսվելիքը հանրային երկրորդ քննարկումն է։ Ըստ էության, դա ալյումինի հանքավայրն է, որը խորհրդային տարիներին ուսումնասիրվել է։ Ահազանգող բնակիչը պատմեց, որ մոտ 6 տարի առաջ այդ հանքավայրը շահագործելու փորձ է արվել, սակայն բնակիչները դեմ են եղել, նախագիծը չի իրագործվել։
Ծաղկաձոր համայնքի բնակիչը, որը ցանկացավ անանուն մնալ, նաև պատմեց, որ ալյումինի հանքը անմիջական վտանգ է ներկայացնում Թեժ լեռան համար։ Այն սպառնում է նաև Հանքավանի ձորին, որն ամբողջությամբ ավիրվելու է հանքավայրի արդյունահանման հետևանքով։ Բացի դրանից, Մարմարիկ գետն է վտանգվում։
Ինչպես նշեցինք, ընկերությունն արդեն Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտն է ներկայացրել փորձաքննության, որտեղ նշվում է, որ երկրաբանական ուսումնասիրության այս նախագծով շուրջ 92 հա տարածք է ներառվելու ուսումնասիրության գոտում: Այն ընդգրկված է Մեղրաձոր գյուղի վարչական տարածքում, այժմ՝ Ծաղկաձոր խոշորացված համայնքում։ Նշված հողամասերը համադրվում են պետական սեփականություն հանդիսացող 3 միավոր հողամասերի հետ:
Ընկերությունը նաև տեղեկացրել է, որ 2022թ․ հուլիսի 7-ին գրությամբ դիմել է Կադաստրի կոմիտե՝ անտառային հողերի վերաբերյալ լրացուցիչ տվյալներ ստանալու։ Կադաստրի կոմիտեից հուլիսի 8-ին ստացված պատասխանում նշված է, որ տվյալ ծածկագրով հողամասը գյուղատնտեսական նշանակության այլ հող է։ Բացի այդ, ընկերությունը հայտնել է, որ տեսողական դիտարկումներով՝ հայցվող ամբողջ տարածքում բացակայում է անտառային ծածկույթը, ծառաթփային բուսականությունը:
Թեժասարի նեֆելինային սիենիտների հանքավայրը գտնվում է Կոտայքի մարզում Մեղրաձոր գյուղի մոտ: Թեժագետի տեղամասը Մեղրաձոր գյուղի հետ կապված է 7 կմ երկարության ավտոճանապարհով: Մոտակա գյուղերն են՝ Մեղրաձորը, որը գտնվում է հայցվող տարածքից մոտ 6 կմ հարավ-արևելք, Փյունիկ գյուղը՝ 5 կմ հարավ և Արտավազ գյուղը՝ մոտ 5 կմ հարավ-արևմուտք:
«Ամ Արտ Շին» ՍՊԸ-ն արձանագրել է, որ Կոտայքի մարզի Թեժագետի նեֆելինային սիենիտների հանքավայրի երկրաբանահետախուզական աշխատանքները կատարվել են 1950-ականների վերջին: Դրանց արդյունքներով՝ «կազմված պաշարների հաշվարկն իրականացվել է տվյալ ժամանակի պահանջներով հաշվարկված տեխնիկատնտեսական հիմնավորումներով ու կազմված կոնդիցիաներով՝ ելակետային տվյալներ ունենալով խորհրդային հզոր տնտեսության և լայնածավալ հանքահումքային ռեսուրսներ ունեցող ԽՍՀՄ-ի պես վիթխարի երկրի հնարավորությունները»: Թեժագետի տեղամասի նեֆելինային սիենիտների՝ որպես ալյումինի օքսիդի ստացման հումքի տնտեսական գնահատումը, նրա տնտեսական նշանակությունը, ընդերքօգտագործման տարածքի բնապահպանական պայմանները որոշվել են պլանային հզոր տնտեսություն ունեցող երկրի պահանջներով:
«Ըստ էության, պաշարների հաշվարկի այն տարիների գնահատման արդյունքնեը այսօր չեն տալիս հիմնական խնդրի պատասխանը՝ տվյալ տեղամասի հանքաքարը տեխնիկապես հնարավո՞ր է օգտագործել այլումինի արտադրության հումքի ստացման արդյունաբերություն կազմակերպելու համար և նպատակահարմա՞ր է, արդյոք, այն տնտեսապես:
Մյուս կողմից, Թեժասարի տեղամասի պաշարների հաստատումից անցել է ավելի քան 60 տարի: Այս ընթացքում աշխարհում կուտակվել է հսկայական գիտատեխնիկական փորձ, որոնք պարունակում են նորագույն օրիգինալ գիտական հայտնություններ, որոնք այն տարիներին հնարավոր չէր օգտագործել: Այն վերաբերում է նոր, ոչ վտանգավոր և բնապահպանական կանոնների խստագույն պահպանումներով հումքի ստացմանը, հանքաքարի կոմպլեքսային վերամշակմանը և այլ արդյունավետ գործունեությունների»,- այսպես է հիմնավորել նոր ուսումնասիրությունները «Ամ Արտ Շին» ՍՊԸ-ն:
«Ամ Արտ Շին» ՍՊԸ-ն, որը մինչև 2018թ․ ապրիլի 25-ը կոչվել է «Դայաջենիքս Կովկաս», հիմնադրվել է 2014 թվականին։ 2021թ․ նոյեմերից միակ սեփականտերը և տնօրենը Հովհաննես Գառնիկի Բարսեղյանն է։
Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ նա տարբեր ընկերություններում մասնակցություն ունի։ Մասնավորապես, 18 % մասնակցություն ունի «Թրասթ ընդ Թրեյդ» ՍՊԸ-ում, որտեղ նաև տնօրեն է։ Միաժամանակ տնօրեն է «Բիլդ Քոնթրոլ» ՍՊԸ-ում։ 18 % մասնակցություն ունի «Դացին» ՍՊԸ-ում, միաժամանակ նաև այս ընկերության տնօրենն է։ 100 %-ի սեփականատեր է «Ջուլիաննա» ՍՊԸ-ում, որը կահույքի խանութ է, 19 %՝ «Անի Դիզայն» ՍՊԸ-ում, որը Կիևյան փողոցի վրա գործվածքների և կտորի խանութ-սրահ ունի։
Այս ընկերություններում Հովհաննես Բարսեղյանի գործընկերները գրեթե նույն մարդիկ են՝ Արտյոմ Սերոբի Չախալյանը, Վահե Գևորգի Պետրոսյանը և Վրաստանի քաղաքացի Արկադի Անդրասյանը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել